
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ միասին մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այնուհետև մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում ելույթ են ունեցել և միասին բացել Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Ֆրանսիայի հրապարակում երկու երկրների նախագահներին ողջունելու համար հավաքված մարդկանց հետ ջերմ շփվելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի է ունեցել Նախագահ Սարկոզիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: