Մեր հասարակությունը կրեց եւս մեկ անդառնալի ու ցավալի կորուստ։ Հանկարծամահ է եղել ԱՐԱՄ ՎԱՀԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որը շուրջ 40 տարի իր կյանքն անմնացորդ նվիրել էր Հայաստան աշխարհի բնական հարստությունների, բազմաշերտ հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրմանը, դրանք հետագայում շահագործման նախապատրաստման պատասխանատու գործին։ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ծնվել է 1956 թվականին Վարդենիս քաղաքում:
Ավարտելով տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ուսանել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ Այն ավարտելուց հետո նրան գործուղել են Ռուսաստանի ամենահեռանկարային հանքավայրերից մեկը աշխատելու։ Ունենալով առաջխաղացման մեծ հնարավորություններ եւ ապահովված լինելով շատ բարձր վարձատրությամբ՝ Արամը նախընտրում է վերադառնալ իր հայրենիք, մասնավորապես՝ Վարդենիս վարչական շրջան, եւ Սոթքի երկրաբանահետախուզական արշավախմբում ստանձնել շարքային երկրաբանի պաշտոնը։
Հաշվի առնելով նրա խորը մասնագիտական գիտելիքները, աշխատանքի նկատմամբ ունեցած նորովի մոտեցումները, պահանջկոտությունը՝ վերադասը նրան առաջադրում է այդ արշավախմբի ղեկավարի պաշտոնին, որտեղ եւ դրսեւորվում է նրա կազմակերպչական տաղանդը, նորարարությունները, ամուր եւ կուռ կոլեկտիվ ղեկավարելու անուրանալի ջիղը։
Նրա՝ ոլորտի նկատմամբ ունեցած վստահությունը հիմք ընդունելով՝ ներդրողները առանց վարանելու մեծածավալ ինվեստիցիաներ արեցին վերջին տարիներին։ Իսկ իր նվիրյալ ու հիմնավորված հետազոտությունների արդյունքում լիովին ապացուցվեց, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման ընտրված վայրը իրոք անվտանգ է։ Նա անմասն չէր մնում հասարակական կյանքից։ Վարդենիսի շրջանային խորհրդի պատգամավոր էր, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր համար մեծագույն հպարտությունն էր հանդիսանում, որ կիրթ ու ավանդույթներով դաստիարկված ընտանիքն ամուր թելերով կապված է Վարդենիս աշխարհի, իրենց հայրենիքի ցանկացած բնակավայրի հետ։ Իսկապես առանց Արամի շատերիս մոտ ամայության զգացումներ են։
Հոգեհանգիստը տեղի կունենա «Զոլեր» սգո սրահում, հասցե` ք. Երեւան, Գրիգոր Հասրաթյան փող. 25/3 (Աջափնյակ վարչական շրջան), ապրիլի 17-ին՝ ժամը 17:00-ին: