Կիևում Ռուսաստանի դեսպանության խորհրդականներից մեկը հայտարարվել է անցանկալի անձ՝ «իր դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի» գործունեության պատճառով:
Ուկրաինան նոտա է հղել ռուս դիվանագետին. նրան 72 ժամ է տրվել երկիրը լքելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, հայտնում է РБК-ի ուկրաինական ծառայությունը:
«Այսօր Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել, որով Կիևում Ռուսաստանի դեսպանության խորհրդականներից մեկը հայտարարվում է անցանկալի անձ` իր դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության պատճառով: Նա 72 ժամվա ընթացքում պետք է լքի մեր պետության տարածքը»,-ասել է Նիկոլենկոն:
Այս պահին լուծվում է նաև Սանկտ Պետերբուրգից Ուկրաինայի հյուպատոսի հայրենիք վերադառնալու հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել էր Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը: Ռուսաստանի ԱԴԾ-ն պնդում է, որ նրան բերման են ենթարկել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ հանդիպման ժամանակ գաղտնի բնույթի տեղեկություններ ստանալիս»: