ՉԷՐ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  մարտի 20-ի արձանագրության՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Աննա Պապյանին: Վերջինս ներկա չէր նիստին: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաչատրյանի հետ՝ հասկանալու վերջինիս կողմից դիմում ներկայացնելու պատճառները:

 

-Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ժամանակ հայտարարեց, որ Դուք հրաժարվել եք ավագանու մանդատից: Ի՞նչն էր պատճառը, որ նման որոշում եք կայացրել:

-Նշանակում ունեի, ու աշխատանքս չէի կարողանում համատեղեի: Ճիշտ չէ, երբ ամբողջությամբ չես կարողանում իրացնել քո պարտակություններն ու լիազորությունները ավագանու անդամի, հետեւաբար ուղղակի մանդատ զբաղեցնելը ճիշտ չէ:

-Հիմա Դուք ա՞յլ պաշտոնի եք նշանակված: Որտե՞ղ եք աշխատում:

-Այո, աշխատում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

-Պարո՛ն Խաչատրյան, նման ինֆորմացիա կար Ձեր մասին, որ  Ձեզ ավագանու անդամի մանդատից զրկել են այն պատճառով, որ կասկածել են, թե Դուք կապ ունեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ու, հնարավոր է, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ցուցակում լինեք: Այս տեղեկությունը որքանո՞վ է իրական:

-Իրականության հետ որեւէ կերպ կապ չունի այս թեմա. նույնիսկ  ժպիտ է առաջացնում:

-Այսինքն՝ Դուք Քոչարյանի հետ հանդիպում, որեւէ քննարկում նման հարցերի մասին չե՞ք ունեցել:

-Բացարձակ, «Իմ քայլի» իմ գործընկերների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, ընկերներ ենք, ու մանդատը վայր դնելու պատճառը նշեցի: Այլ պատճառ չկա: Ինչ վերաբերում է Քոչարյանին սատարող ուժերին միանալու կամ իրենց համակրելուն, ասեմ, որ դրանք որեւէ կապ չունեն իրականության հետ:

-Որոշում ունե՞ք ընտրություններին մասնակցելու հետ կապված: Ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու: Կա՞ ինչ-որ ցուցակ, որտեղ լինելու եք, ներկայացվածություն ունենալու եք:

-Դեռ ոչ: Նախ պրոցեսը կսկսի այն ժամանակ,  երբ Սահմանադրությամբ նախանշված, սահմանված պրոցեսները տեղի կունենան: Դրանից հետո  այս թեմայի մասին խոսելն արդեն ռեալ կլինի: Հիմա դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել:

-Այսինքն՝ որոշում չունե՞ք ինչ-որ տեղ լինելու:

-Դեռ չգիտեմ՝ կմասնակցեմ, թե ոչ: Ես «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչն եմ: Կուսակցության իմ գործընկերների հետ կգանք որոշման, ու, ըստ այդմ, որոշում կկայացնեմ:

-Կարո՞ղ ենք ասել, որ «Առաքելություն» կուսակցությունը եւս որոշում չունի, թե ինչ ձեւաչափով է մասնակցում ընտրություններին:

-Քննարկումներ դեռ կլինեն: Ձեւաչափն այս պահի դրությամբ հստակ չէ:

-Իսկ այս տարիների ընթացքում «Իմ քայլը» արդյոք հիասթափեցրե՞լ է Ձեզ իր գործունեությամբ, արդյոք զղջացե՞լ եք, որ դաշինք եք կազմել «Իմ քայլի» հետ:

-Չէ, իհարկե, չեմ փոշմանել: Համագործակցում եմ, գնահատում եմ արդյունավետ աշխատանքս: Փոշմանելու որեւէ պատճառ չունեմ:

-Պատերազմից հետո շատերն իշխանությանն են մեղադրում ամբողջ գործընթացը տապալելու համար, բոլոր ոլորտներում որեւէ առաջընթաց չունենք: Դա պատճառ չի՞ հանդիսացել, որ «Առաքելություն» կուսակցությունը հիասթափվի իշխանությունների վարած քաղաքականությունից:

-Պատերազմում մասնակցած երկիրը, հատկապես երբ դու հաղթողը չես, ամեն ինչ կարելի է բարդել իշխանության վրա, ամեն մեծ ու փոքր բան ասել, որ իշխանության սխալ քաղաքականության արդյունքում է եղել: Կարծում եմ՝ իշխանությունը մեծամասամբ ճիշտ է գործել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՆԿԱՐԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱԿԱԶԴԵԼ 

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական շփումները։

 

Լուծման սպասող հարցերի շարքում, ինչպիսիք են C-400-ների խնդիրը, F-35-ների խնդիրը, գյուլենականների խնդիրը, Քրդական բանվորական կուսակցության խնդիրը, կարեւոր կետ են հանդիսանում նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը։ Թուրքիան արդեն հասցրել է Վաշինգտոնին փոխանցել իր դիրքորոշումները։ Ըստ այդմ, Անկարան Վաշինգտոնին հիշեցրել է, որ դատարանի որոշում, որը ստեղծված կլիներ քննելու համար հարցը, ինչպես դա եղել է Ռուանդայի կամ Բոսնիայի ու Հերցեգովինայի պարագայում, չկա։ Անկարան նաեւ հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը առաջացել է 1947 թվականին եւ հետադարձ ուժ ունենալ այն չի կարող։ Անկարան նաեւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ապրիլի քսանչորսին օգտագործի «ցեղասպանություն» բառը, ապա դա կարող է ծանր հարված հասցնել։ Եվ նաեւ Անկարան ասել է, որ եթե ԱՄՆ-ն նման բան անի, ապա Թուրքիան պատասխանելու իրավունք կունենա։

Ըստ թուրքական Turkiye պարբերականի՝ ամերիկյան կողմը հայտնել է թուրքերին, որ ճնշում կա, սակայն նման մտադրություն չունեն։ Ավելին, ամերիկյան կողմը հունական լրատվամիջոցներին ասել են, որ ուղղում կատարեն Ցեղասպանության ճանաչման մասին հաղորդագրություններում։ Ու հիմա բոլորը անհամբեր սպասում են ապրիլի քսանչորսին, որպեսզի լսեն Բայդենի հայտարարությունը։ Նախկին նախագահներ Թրամփն ու Օբաման չեն օգտագործել «Ցեղասպանություն» բառը եւ օգտագործել են «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) տերմինը, որ նշանակում է «Մեծ ողբերգություն»։

Նշենք, որ 2019 թվականին Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել օրինագծին, որով ճանաչվում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, սակայն Թրամփը հայտարարել էր, որ չի աջակցի այդ քայլին։ Ամենակտրուկ հայտարարությունը թերեւս Էրդողանինն էր, որ ասել էր, որ եթե հարկ լինի, կնստեն սեղանի շուրջ գործընկերների հետ, իսկ եթե հարկ լինի, կփակեն Ինջիրլիքն ու Քյուրեջիկը։

 

 

ԳԱՂՏՆԻ ԱՅՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցով երեկ մեկնել էր Սյունիքի մարզ, սակայն որեւէ պաշտոնական հաստատում չկար, թե որն է այցի նպատակը: Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը չէր պատասխանում ArmLur.am-ի  հեռախոսազանգերին, Սյունիքի մարզպետը եւս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը: ArmLur.am-ին հաջողվել էր կապ հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Կարեն Համբարձումյանի հետ, ով հայտնեց, թե ինքը տեղյալ չի էլ եղել, որ վարչապետը Սյունիք է մեկնել: «Մոտ 10 րոպեից ես էլ եմ շարժվում Սյունիք՝ միանալու վարչապետին։ Տեղյակ չեմ՝ ինչ այց է, կգնամ, կիմանամ բոլոր մանրամասները»,- նշեց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզ այցին ընդառաջ պաշտոնից ազատվել են Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի, Գորիսի բաժնի եւ Կապանի բաժնի պետերը: Թե ինչու են ազատվել, նույնիսկ իրենց` ոստիկանության աշխատողներին հայտնի չէ. նրանց որեւէ մեկը ոչինչ չի պարզաբանել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես հասկանալ՝ ինչու ազատումներ եղան։ Ի պատասխան՝ լրատվության բաժնից մեզ հայտնեցին. «Միշտ էլ ոստիկանությունում կադրային փոփոխություններ լինում են»: Հավելենք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ազատումներից մեկ օր առաջ էլ Սյունիքի մարզում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը թերեւս ինչ-որ բան է շշնջացել Ն. Փաշինյանի ականջին, որին հաջորդել են պաշտոնանկությունները ու գաղտնի այցը Սյունիք:

 

 

ՄԵՐԿԵԼԸ՝ ԼՂՀ-Ի ՄԱՍԻՆ

ԵԽԽՎ-ում տեսակապային ֆորմատով ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա ասել է, որ խիստ մտահոգիչ է իրադրությունը Ուկրաինայում, Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում, իհարկե նաեւ Սիրիայում եւ Լիբիայում։ Նա, խոսելով Ղարաբաղի մասին, ասել է. «Երբ չկա հարգանք պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հանդեպ, ինչպես Ղրիմում եւ Լեռնային Ղարաբաղում է, պետք է կիրառվեն միջազգային իրավունքի նորմերը»։ Մերկելը նաեւ ասել է, որ այդ դեպքերում Եվրոպայի խորհուրդը կարեւոր դերակատարություն պետք է ունենա։

 

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Ընտանիքի բոլոր անդամները թունավորվել են, բայց 12 տարեկան աղջկա կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը: «Ծնողների վիճակն այս պահին լավ է: Չգիտենք, թե ինչ են կերել, տանը սովորական հաց են կերել: Հիմա  դատաբժշկական փորձաքննություն պետք է անեն, որից հետո էլ կիմանանք, թե ինչ է եղել, դեռ ոչ մի բան պարզ չէ»,-նշել է Գետահովիտ համայնքի ղեկավարը: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 09։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 22:26-ին, նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս.Հ.-ն (ծնված 1980թ.), Ա. Հ.-ն (ծնված 1980թ.), Ս.Ա.-ն (ծնված 2007թ.) եւ Ս.Հ.-ն (ծնված 2009թ.): Ս. Հ.-ն (ծնված 2009թ.) Իջեւան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս.Հ.-ն եւ Ա.Հ.-ն տեղափոխվել են Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս.Ա.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ:

 

 




Լրահոս