ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է հոգեկան ֆունկցիաների խանգարման հետևանքով իր արարքների բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ գիտակցելու հնարավորությունից զրկված կնոջն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալ-տնտեսական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019թ. փետրվարից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, պարտադրել է նրան Երևան քաղաքի տարբեր փողոցներում զբաղվել մուրացկանությամբ, որից հետո վերցրել է ամբողջ գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132. 2 -րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: