ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձուն չի էժանանա. թռչնարտադրողները՝ խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձուն չի էժանանա: Պատճառը՝ կերի գնի բարձրացումն է: Այս պահին ձվի մեկ հատիկը տատանվում է 80-85 դրամի սահմաններում: Բանն այն է, որ տեղական թռչնարտադրողները կեր ներկրում են հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանից, երրորդ երկրներից, որն էլ ձեռք են բերում դոլարով: Այսինքն դոլարի բարձր փոխարժեքն իր բացասական ազդեցությունն է թողել ներկրվող կերի գնագոյացման վրա:

Բացի այս, թռչնարտադրողները մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ յուրաքնաչյուր տարի 12000 տոննա կեր ներկրվում էր Արցախից, սակայն պատերազմի հետեւանքով շատ հողատարածքներ հայտնվել են թշնամու տիրապետության տակ, եւ այս բացը լրացնելու համար այն ներկրվում է արտերկրից, որի համար մեծ գումարներ են ծախսվում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ այլ, ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնել հայ թռչնարտադրողները. աշխարհի մի շարք երկրներում արձանագրված թռչնագրիպի պատճառով հնարավոր չի լինում մեկ օրական ճուտ եւ ինկուբացիոն ձու ներկրել: Մինչդեռ ածան հավերի գլխաքանակը պետք է տարվա մեջ երկու անգամ թարմացնել: Արդյոք կհաջողվի թռչնարտադրողներին՝ այս հարցը լուծել, ցույց կտա ժամանակը:

Բայց այս պահին Ռուսաստանի կառավարությունը տարածված թռչնագրիպի պատճառով սահմանափակումներ է կիրառել՝ եվրոպական մի քանի երկրներից ժամանակավոր արգելված է կենդանի հավ եւ ինկուբացիոն ձու ներկրել: Իդեպ, նույն պատկերն է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղից եւս Հայաստան հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը չի թույլատրվում մեկ օրական հավ եւ ինկուբացիոն ձու ներկրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս