«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բնավ  կիսաընդհատակյա վիճակ չէ: Հետո մենք էնքան ենք սովորել, որ քաղաքական ակտիվությունը կապվի էմոցիոնալ պոռթկումներին եւ երթերին, որ մոռանում ենք` քաղաքականությունը կարող է ունենալ նաեւ այլ գործառութային համակարգ: Ավելի հավասարակշռված, բայց միեւնույն ժամանակ ավելի խիտ»,-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսպես պատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցին, թե համամիտ է այն տեսակետին, որ մեծ ինտրիգով դաշտ մտած իրենց կուսակցությունը պասիվ է եւ անգամ գործում  է կիսաընդհատակյա ռեժիմում:-Այս պահին ինչո՞վ եք զբաղված:-Կուսակցությունն էս պահին շատ ինտենսիվորեն ծրագրեր է մշակում` սոցիալ-տնտեսական ծրագիր, նաեւ մեծ աշխատանք այն ուղղությամբ, որը Հայաստանում դեռ չի տարվել. լիբերալիզմը, դրա տեսական հիմքերը, հիմնադրույթները: -Որո՞նք են ձեր առնչությունները «Սիվիլիթաս»-ի հետ: -«Սիվիլիթաս»-ի հետ (ծիծաղում է-Ա.Դ.) բոլոր քաղաքական ուժերը հարաբերվում են այնքանով, որքանով որ այն հանրային հասարակական կազմակերպություն է, կատարում է քաղաքական եւ հասարակական մոնիթորինգ եւ հավասարաչափ ներկայացնում է բոլոր քաղաքական եւ հանրային շերտերին: Ես չեմ կարող ասել, որ որեւէ կուսակցություն ինչ-որ ընդգծված կապ ունի:-ԱԴԿ-ն առաջիկայում ընտրություններին մասնակցելու որոշում արդեն կայացրե՞լ է: -Մենք պատրաստվում ենք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, այնուամենայնիվ, իր վերջին փորձնական պատրաստվածության շրջանը պետք է համալրի` ընտրություններին մասնակցելով, եւ ապացուցի, թե ինքը որքանով է ունակ այդ գործընթացն անցնելու: Ընդ որում, ոչ թե գործընթացի հետեւանքն է այստեղ առաջնահերթ, այլ այն, որ քաղաքական ուժը ցույց տա իր կազմակերպվածության եւ պատրաստվածության աստիճանը: Մենք դա ենք պատրաստվում անել` նաեւ ինքներս մեզ ստուգելու համար:-«Ժառանգություն» կուսակցության կամ այլ քաղաքական ուժերի հետ համատեղ դաշինքով գնալու սցենարներ քննարկո՞ւմ եք: -Սցենարներ քննարկելու կարիք չկա, որովհետեւ ես միշտ ասել եմ, որ եթե մարդիկ պայքարում են պետության կայացման համար եւ ունեն ճշգրտված քաղաքացիական օրակարգ, նրանք գաղափարապես` իրենց մտքերով, պատկերացումներով, միշտ շատ ներդաշնակ են, բոլորովին կարիք չկա համատեղ ինչ-որ սցենարներ քննարկելու: Համատեղ քննարկում են կոալիցիայում, որովհետեւ կոալիցիայում մարդիկ միավորված են իշխանության թեւի շուրջ: Այս պարագայում ոչ մի ֆորմալ դաշինքի կարիք չկա: -Այնուամենայնիվ, «Ժառանգության» հետ դաշինքը մարդկային, ֆինանսական հավելյալ ռեսուրսի հնարավորություն է ստեղծում` հանձնաժողովի անդամներ եւ այլն: Դուք էլ նոր կուսակցություն եք: Չունե՞ք այդ ամենի կարիքը:-Հասկանում եմ, բայց, այնուամենայնիվ, երբ սկզբում ասացի, որ քաղաքական ուժը պետք է տեստացիայի ենթարկի իր գաղափարական եւ կազմակերպչական ունակությունները: Ես ենթադրում եմ, որ ցանկալի է` այդ տեստացիան լինի ինքնակամ եւ ինքնակայացած, որպեսզի մենք ընդհանուր պատկերացում ունենանք մեր ազդեցության շրջանակի եւ մեր կայացածության մասին:-Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ էր անում, Դուք, Ձեր կուսակիցները, «Ժառանգություն»-ը քննարկում էիք, թե ինչու ՀԱԿ առաջնորդը չմոտեցավ նրան կամ մեկնաբանեց, թե որն է իսկական ծոմապահությունը: Իսկ հիմա իրենք ոչ միայն չեն այցելում նստացույց անողներին, այլեւ կայքերը ողողել են հակակոնգրեսական մեկնաբանություններով:-Երբ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ նստացույցի դեմ այդպիսի անհասկանալի, էմոցիոնալ, շատ քամահրական վերաբերմունք եղավ, առաջինը ես, դեռ չպատկանելով որեւէ քաղաքական ուժի, դեմ դուրս ելա նման չպատճառաբանված վերաբերմունքին, որովհետեւ երբ մարդը սկսում է իր ազատական, ընդդիմադիր  պայքարը, ապա կարելի՞ է քննարկել այդ պայքարի ձեւերը, որոնք միգուցե այնքան էլ կատարյալ չեն, եւ նրան արժանացնել քամահրական վերաբերմունքի: Եւ հիմա, երբ պատասխանը լռությունն է, ապա պետք է երեւի ինչ-որ առումով չզարմացնի. քաղաքական դաշտում, երբ սկսում է անձնական վիրավորանքների պրակտիկան, բնականաբար, մարդիկ երկար ժամանակ չեն կարողանում այդ վիրավորանքների բեռի տակից դուրս գալ: Հետեւանքը եղավ այն, որ մի նստացուցային պայքար փոխանակ օժանդակեր  հետագայում եկող մեկ այլ նստացուցային պայքարի, իրականում ջրբաժան դրեց այդ երկու պայքարների մեջ: Ու որպես հետեւանք` մենք ունենում ենք ընդդիմադիր դաշտի պառակտում:-Իսկ ե՞րբ եք պատրաստվում համագումար անցկացնել:-Դրա մասին մենք առանձին կհայտարարենք: Առաջիկայում մենք` որպես նոր կուսակցություն, ուրիշ կազմակերպչական հարցեր ունենք լուծելուԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս