Այսօրվանից խորհրդարանում մեկնարկելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Նիստի օրակարգում է նաեւ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հարցը: Մշտական հանձնաժողովների նիստերից հետո՝ արդեն մայիսի 4-ին, գումարվելու է լիագումար նիստ, եւ կատարողականը հավանաբար կքննարկվի նաեւ այնտեղ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի ուշագրավ փաստեր է առանձնացրել կատարողականից. 2020թ. առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները եւ ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար 11,8 եւ 10,4 տոկոսներով։
Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային եւ տնտեսական աճի խթանիչ կարեւոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։ Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։ 2020թ. պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով, սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։ Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով: