Զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի պատրաստականությունն ստուգելու, ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 27-ից 29-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային վարժանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման վարչակազմի և զորամասերի շտաբերի զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հստակ կատարել առաջադրված խնդիրները։
Ըստ աղբյուրի՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը:
ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։