Մեր ժողովուրդը հիմա շատ վատ վիճակում է, չի վստահում կուսակցություններին. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում ստեղծվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը կայացել է երեկ, որին մասնակցել են 437 հիմնադիր՝ Երևանից ու մարզերից: Ընդունվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին որոշումը, հաստատվել է՝ կուսակցության խորհրդանշանն ու կանոնադրությունը:

Գործադիր մարմնի պատասխանատու է ընտրվել և պետական գրանցման լիազոր նշանակվել համագումարի նախագահող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,-համագումարի ժամանակ հայտարարել էր Զոհրաբյանը:

ArmLur.am-ը զրուցել է Արա Զոհրաբյանի հետ, պարզոլու համար, թե ինչու որոշեցին կուսակցություն ստեղծել ու արդյոք պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

-Պարոն Զոհրաբյան, երեկ հիմնել եք կուսակցություն, որը կարելի է ասել տարբերվում է այլ կուսակցություններից իր գաղափարախոսությամբ: Ո՞րն էր կուսակցության ստեղծելու նպատակը, որն է լինելու Ձեր առաջիկա քայլերը:

-Կուսակցությունը հիմնադրվել է 437 ՀՀ քաղաքացու կողմից: Կուսակցության քաղաքական ուղղությունը պահպանողական է: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամներով ախտորոշել ենք մեր ներկայիս վիճակը: Բացատրությունը շատ պարզ է. նյութականը դարձել է բոլորիս համար առաջնային, իսկ հոգևորը մղվել է հետին պլան: Ազգային և քրիստոնեական արժեքներն այլևս ուղղորդող չեն: Սա բերեց նրան, որ ամբողջ ժողովուրդը կարծես քնի մեջ է: Վտանգը չի զգում: Նույնիսկ պատերազմից հետո ի վիճակի չենք վերլուծել իրականությունը: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն իր առաքելությունն ու նպատակն է համարում բնակչությանն արթնացնել խորը թմբիրից և ծրագրով փորձելու է այդ արժեքները սերմանելուն նպաստել:

– Քանի որ ՀՀ-ում առաջիկայում՝ հունիսի 20-ին, նախատեսվում է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, արդյո՞ք կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Որոշում ունե՞ք:

– Երբ կուսակցությունը կգրանցվի, կուսակցությունն էլ կորոշի:

-Ինչո՞վ է կուսակցությունը առանձնանալու ՀՀ-ում առկա մոտ 90 կուսակցություններից, ո՞րն է Ձեր կուսակցության առանձնահատկությունը: Ինչո՞վ եք տարբերվելու մյուս կուսակցություններից:

– Զուտ ծրագրերի իմաստով երևի բոլոր կուսակցությունները բարիք ստեղծելու և երկիրը զարգացման տանելու ճանապարհ են ցույց տալիս: Մենք կարծում ենք, որ պետք է գործով ապացուցենք: Մեր ժողովուրդը հիմա շատ վատ վիճակում է, չի վստահում կուսակցություններին ու շատ դժվար է ժողովրդի վստահությանը արժանանալ: Օրինակ, մենք առաջարկում ենք ուշադրություն դարձնել նաև հոգևոր անվտանգությանը և այդ առումով պետք է պետությունը հոգևոր անվտանգության հայեցակարգ սահմանի: Բացի ֆիզիկական վնասից կա նաև հոգևոր վնաս, երբ ապազգային ուժերը տարբեր քարոզչություններով և ծրագրերով կոտրում են հայ մարդու դիմադրողականությունը: Մենք առաջարկում ենք նաև հայ մարդու կատարելատիպը, որին պետք է յուրաքանչյուր հայ ձգտի:

-Կա՞ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որին Ձեր ղեկավարած կուսակցությունը աջակցում է:

-Մենք որևէ քաղաքական ուժի կամ գործչի չենք աջակցում: Այդպիսի որոշում կայացնելու համար, կուսակցության գրանցումից հետո կարող է միայն կուսակցությունը որոշել: Մենք իրական ազգային ուժերին համարում ենք մեր դաշնակիցը:

-Ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում:

– Երբ ընտրություններ նշանակվեն, նոր կարելի է մտածել:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս