ԿՍԿՍԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՇՎԵԼ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ շաբաթից Հայաստանում կմեկնարկի մարդահամարը. դրա ընթացքում ՀՀ-ում ապրող մարդիկ պետք է պատասխանեն 33 հարց ու ենթահարցի, որոնց ընդգրկումը մեծ է: Հարցեր կան` սկսած ծննդյան թվից ու կրթությունից, մինչեւ արտասահմանից դրամական աջակցությունը, հավատքը, ծնվածներին տնային պայմաններում գրանցելը: Հարցերի մի մեծ շարք վերաբերում է տնային տնտեսություններին. իշխանություններն այս հարցերի պատասխանի հիման վրա փորձելու են հասկանալ գյուղական բնակչության կենսամակարդակը, առկա եկամուտներն ու խնդիրները: Արդեն տպվել է 1 մլն հարցաթերթիկ, որը պետք է լրացնեն 18 տարեկանից բարձր բոլոր անձինք (անչափահասների փոխարեն կլրացնեն ծնողները), կատարվել է մարդահամարն անցկացնող անձանց ընտրություն:Ազգային վիճակագրական ծառայության տվյալով` մարդահամարի անցկացման համար, սկսած հարցաթերթիկների տպագրությունից մինչեւ արդյունքների տպագրություն, կծախսվի 2,5 մլրդ դրամ, որից շուրջ 70 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, մյուս մասը հայթայթվելու է միջազգային կազմակերպություններից. ըստ որում, 2011թ. կծախսվի գումարի միայն մի մասը` 1,9 մլրդ դրամ: Մնացած գումարը հարկավոր է լինելու արդյունքների մշակման, վերլուծության, տպագրության համար: Համաձայն պաշտոնական տվյալների` առայսօր նշված գումարից պակասում է 570 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում մեկ անձի հաշվառման համար նախատեսվում է  ծախսել 2 դոլար, իսկ վերջերս ԱՄՆ-ում այդ նպատակով ծախսվել է 58 դոլար:Հայաստանում մարդահամար անցկացվել է տասը տարի առաջ: Դրա արդյունքով` մեր երկրում մշտական բնակվողների թիվն ավելի քան 3,1 մլն էր: Այդ ցուցանիշը երկար տարիներ քննարկումների առիթ էր. մինչեւ այսօր քչերն են հավատում նման բարձր ցուցանիշին: Տարեցտարի աճող արտագաղթի ու կողպեքով ընդմիշտ փակվող բնակարանների քանակի ավելացման պայմաններում այդ թիվը ներկայիս մարդահամարից հետո պետք է  որ ավելի պակաս լինի: Այդ առումով հետաքրքրական է մի ասպեկտ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2004-2006թթ. մեր երկիր եկողների թիվը գերազանցել է մեկնողներին, բացասական ցուցանիշ սկսել է գրանցվել միայն 2007թ-ից: Ոստիկանության տվյալով` նշված ժամանակահատվածում` սկսած 2004թ-ից, Հայաստանից մեկնածների թիվն ավելի է եղել ժամանածների քանակից: Սակայն պաշտոնական տվյալներով` այդ ժամանակահատվածում բնական հավելաճ է գրանցվել: Ծնունդների քանակը մոտ 10 հազարով ավելի է եղել մահվան դեպքերից: Անգամ հաշվի առնելով այդ հանգամանքը, պետք է փաստել, որ վերջին 7 տարիներին Հայաստանի մշտական բնակիչների թիվը նվազել է:Հայաստանի բնակչության կազմի մասին եւս մի քանի հետաքրքիր մանրամասն ի հայտ է եկել վերջերս, երբ ՄԱԿ-ը մարդկանց հաշվառման փորձնական ծրագիր է  իրականացրել ՀՀ Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի մի քանի բնակավայրերում: Դրա արդյունքների ամփոփումից պարզ է դարձել, որ ներկայում Հայաստանում ծերերը կազմում են բնակչության 13 տոկոսը: Տասը տարի առաջվա մարդահամարի արդյունքով այդ ցուցանիշը 8 տոկոս էր: Շուրջ 10 տոկոսով նվազել է երեխաների ցուցանիշը: Ասել է թե մենք ծերացող ազգ ենք դարձել: Հարցախույզի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ վերարտադրողականության խնդիրներին: Մասնավորապես, «Ինչո՞ւ չեք ցանկանում երկրորդ կամ երրորդ երեխա ունենալ» հարցին հարցվածների 44 տոկոսը պատասխանել է. «Քանի որ չեմ տեսնում իմ ապագան այս երկրում»:Թե որքանով փորձնական ծրագրի արդյունքները կհամապատասխանեն հենց մարդահամարի ժամանակ ստացվելիք տվյալներին, կիմանանք մեկ-երկու տարուց` հրապարակումից հետո: Սակայն կարեւորն այն է, որ ՀՀ իշխանությունները կարողանան համապատասխան հետեւություններ անել ու մշակեն թիրախային ծրագրեր` ուղղված հայաստանցու վիճակի բարելավմանը, վերարտադրողականության ապահովմանը, արտագաղթի տեմպերի կրճատմանը: Այլ ոչ թե դա պարզապես անցկացվի` առանց համապատասխան  հետեւությունների, զարգացման ծրագրերում դրա արդյունքների հաշվառման ու, որպես հետեւանք, Հայաստանի դատարկմամբ:ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ




Լրահոս