ՄԻՊ-Ը ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՂԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից. սա ռազմական հանցագործություն է համարվում. հայտարարում են Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյաննն ու Սիրանուշ Սահակյանը։

 

Հայտարարությունում նաեւ ասված է՝ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած, նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ: Իրավապաշտպանները հայտարարությունում թվարկել են սպանված գերիների անուններն ու ընդգծել՝ խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Պատերազմի օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված շուրջ 300 տեսանյութերից 98-ում առկա են կենդանի վիճակում գտնվող հայ գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելու տեսարաններ. փաստել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Պաշտպան Թաթոյանն «Ազատությանն» ասաց՝ տեսանյութերի ուսումնասիրության փուլն ավարտել են, դրանք հերթական անգամ ուղարկվելու են միջազգային կառույցներին:

«Նաեւ ուղեկցող նամակ ենք ուղարկելու, որտեղ ցույց ենք տալիս, որ սա ադրբեջանական իշխանությունների քաղաքականության հետեւանքներն են եւ ազդեցությունը, որը ցեղասպան քաղաքականություն է: Ցույց է տրվում, օրինակ, ինչպես են ադրբեջանական զինվորականները գլխատում մարդուն միայն նրա համար, որ նա հայ է, եւ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի նախագահի բառերից: Այս բոլոր կոմպոնենտներով, այդ թվում՝ պատմամշակութային եւ կրոնական ժառանգությամբ մենք ցույց ենք տալիս այդ ցեղասպան քաղաքականությունը: Հատկապես սա կարեւոր էր Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ նա անում է՝ կապված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ, եւ բնակչության հետ խոսում է սպառնալիքներով», – նշեց Թաթոյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումից հետո, ըստ Թաթոյանի, հայկական կողմը մեծ անելիքներ ունի։ Ըստ պաշտպանի՝ օգտվելով առիթից, որ Արցախի խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երեք պետություններն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը պետք է ցույց տա, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության վարած նույն քաղաքականությունը կրկնվել է այսօր՝ 21-րդ դարում, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

«Օսմանյան կայսրությունում վարած նույն քաղաքականությունը՝ նույն սկզբունքներով, որի արդյունքում եղել է ցեղասպանությունը, հիմա է տեղի ունենում, եւ ոչ միայն դա տեղի է ունենում խոշտանգումներով, սպանություններով, այլ թշնամանքի քարոզ, ատելություն, պատմամշակութային ժառանգության, հուշարձանների ոչնչացում, կրոնական ժառանգության ոչնչացում՝ եկեղեցիների պղծում, վանդալիզմ, հայրենազրկում, ունեզրկում եւ այլն: Ավելին՝ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը լայնորեն աջակցություն է ստանում նաեւ թուրքական իշխանությունների կողմից. վառ օրինակն է դեկտեմբերի 10-ի ելույթը Թուրքիայի նախագահի, որտեղ համեմատում էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացրածներին արցախյան պատերազմում ադրբեջանական կողմի զոհերի հետ», – նշեց Արման Թաթոյանը:

Պաշտպանի գրասենյակի ուսումնասիրած շուրջ 300 տեսանյութերից 17-ում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի գլխատումներ ու սպանություններ են, 32-ում՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք եւ մարմնի մասերի անդամահատումներ, 54-ում գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարման վերաբերյալ փաստեր են, այդ թվում՝ ատելության տարածում, գլխատված զինծառայողի լուսանկարի տարածում հենց նրա իսկ էջով եւ այլն։

Ն.Պ.

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար:

 

Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին: «Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության եւ ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը:

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ազատել բոլոր ռազմագերիներին եւ պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաեւ Բաքվում բացված, այսպես կոչված, «հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան եւ հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ՝ հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, եւ այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է:

 

 

ԳՈՐԾԱՏՈՒՆ ԿՏՈՒԳԱՆՎԻ, ԵԹԵ…

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն առաջարկել լուծումներ, կարգավորել աշխատողների եւ գործատուների իրավահարաբերությունները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ կարգավորումներ են առաջարկվում՝ ամենամյա արձակուրդի հետ կապված: Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ աշխատողը, դիմումի համաձայն, իր ամենամյա արձակուրդը տեղափոխի եւս 18 ամիս: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ անձը կարող է իր արձակուրդից օգտվել 2.5 տարի հետո:

«Իրավապրակտիկայում շատ են դեպքերը, երբ գործատուները տարիներով չեն տրամադրում աշխատողի ամենամյա արձակուրդը: Լինում են դեպքեր, երբ աշխատողները չեն ցանկանում օգտվել ամենամյա արձակուրդից: Քանի որ խնդիրը երկուստեք է, մենք առաջարկվող փոփոխություններով սահմանում ենք իրավունքներ եւ պարտականություններ թե՛ գործատուների, թե՛ աշխատողների համար: Եթե նշված 2.5 տարին լրացել է, եւ այդ ընթացքում աշխատողն արձակուրդ չի գնացել, ապա գործատուն իրավունք ունի, առանց աշխատողի դիմումի, նրան արձակուրդ ուղարկել: Եթե դա գործատուն չի անում, ապա նախատեսված է տույժ գործատուին՝ օրական միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձը»,- ասել է նա:

Շատ են դեպքերը, երբ գործատուները մտածում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չտրամադրելու պարագայում այն հաջորդ տարի զրոյանում է: Ժորա Սարգսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով օրենսգրքում ուղիղ ամրագրվում է, որ, ամեն դեպքում, եթե արձակուրդի ժամկետները խախտվել են, դա դեռ չի նշանակում, որ անձը արձակուրդ գնալու իրավունքը կորցրել է:

Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Ժորա Սարգսյանը նշել է, որ, գործող կարգավորումների համաձայն, գործատուն կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց հետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում: Գործատուին հնարավորություն չի տրված կենսաթոշակային տարիքի անձի հետ կնքել անորոշ ժամանակով պայմանագիր: Նախագծով առաջարկվում է տալ այդ հնարավորությունը:

 




Լրահոս