«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ՉԵՄ ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան 1998» տիտղոսին արժանացած Գոհար Հարությունյանը մինչ այսօր Հայաստանի ամենապահանջված մոդելներից է: ArmLur.am-ը Գոհար Հարությունյանի հետ զրուցել է ոճային հագնվելու, սիրած բրենդների, երեխաների ոճի եւ արտերկրից գնումներ կատարելու մասին:

 

«Նախ եւ առաջ ասեմ, որ ունեմ ոչ ստանդարտ հասակ՝ 180 սմ, եւ այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է համադրել ցանկությունն ու հնարավորություները, քանի որ մեր շուկայում առկա ամեն բան նախատեսված է միջին հասակի համար, եւ շատ հաճախ ինքս եմ ընտրում մոդելները եւ կարել տալիս: Սիրում եմ կրել հանգիստ եւ հարմարավետ, միեւնույն ժամանակ հասարակ հագուստներ, որոնք կսազեն իմ կազմվածքին: Իրականում ինչ հագուստ էլ որ հագնես, եթե այդ հագուստը քո կազմվածքին համապատասխան չլինի, կարծում եմ՝ դու չես կարող քեզ այդ հագուսի մեջ ազատ եւ լավ զգալ: Ես ինքս նախընտրում եմ սպորտային, մկանային կազմվածքը, եւ ամեն բան անում եմ այդ կազմվածքը պահպանելու համար, որպեսզի ինձ կատարյալ եւ ինքնավստահ զգամ»,- ասում  է մեր զրուցակիցը:

Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում նշում է, որ լինելով նորաձեւության ասպարեզում՝ երբեք տուրք չի տալիս եւ չի հետեւում նորաձեւության թրենդներին:

Իսկ ինչ վերաբերում է սիրելի եւ նախընտրելի գույներին, Գոհար Հարությունյանն ընդգծում է, որ հագուստի գույների ընտրությունը էապես կապված է մազերի կարմիր երանգի հետ, քանի որ կարմիրը, լինելով կամակոր գույն, ամեն հագուստի  գույնի հետ համադրելի չէ. «Կարմիր երանգը հատկապես շատ է սազում իմ կանաչ աչքերի հետ: Նկատել եմ, որ կարմիր մազերտ հատկապես սազում  են սեւ, սպիտակ, կանաչ, կապույտ երանգների հետ: Իսկ մազերի երանգը միշտ էլ փոխում եմ, միշտ էլ երանգների ընտրության առաջ եմ կանգնում: Բաց մազերի երանգ էլ եմ ունեցել, մուգ երանգ էլ, իսկ հիմա արդեն երեք տարի է, ինչ միայն կարմիր երանգն եմ նախընտրում: Զույգերիս ծնունդից հետո գնացել էի՝ մազերս կարճ կտրելու, բայց չգնացի այդ քայլին, քանի որ ամբողջ կյանքս երկար մազեր եմ ունեցել, եւ չգիտեմ, թե ինչպես խնամել եւ հարդարել կարճ մազերը»:

Հարցին, թե ինչպիսի բրենդներ է նախըտրում, Գոհարը նշում է, որ բրենդամոլ չէ:

«Էժան կամ թանկ գների վրա չեմ կենտրոնանում, բայց ընդհանարապես աշխատում եմ միջին գնի գնումներ կատարել, բացի այդ էժան հագուստը որակապես լավը չի լինի, ամեն դեպքում նկատելի է լինում, բայց հատուկ թանկ գնումների վրա էլ չեմ կենտրոնանում: Բրենդամոլ էլ չեմ եւ բրենդների հետեւից էլ չեմ ընկնում: Ես աշխատում եմ Հայաստանից գնումներ չանել, որովհետեւ թե՛՛ կոշիկները, թե՛ հագուստները մեր շուկայում նախատեսված են  հատկապես կարճ հասակի համար, եւ ինձ համար դժվար հասանելի է լինում: Անկեղծ լինեմ, առաջին հնարավորության դեպքում գնում կամ պատվիրում եմ արտերկրից»,- հավելում է մեր զրուցակիցը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության երեկո կանցկացվի:

 

Համերգին որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետտա Վարդանյանը, Շաքե Թադեւոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը:

Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Ասում են, թե…», «Երազ տեսա», «Դու հասկացար» ռոմանսները, «Պոեմ»-ը, որը հեղինակը նվիրել է դստերը` Զարուհի Միրզոյանին, «Տարվա եղանակներ»-ը, Սոնատ՝ թավջութակի եւ դաշնամուրի համար, եւ «Տխուր վալս»-ը:

Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի  Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են  Ավետիք Իսահակյանի եւ Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» եւ այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա եւ Անընդհատ շարժում» (ջութակի եւ նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» եւ այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար։ Գրել է նաեւ «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» եւ այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, եւ այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաեւ կինոերաժշտություն՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Խաչմերուկի դեղատունը»:

 

 

 

ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը», առանց վնասվածք ստացած Լեբրոն Ջեյմսի, 93:89 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ: Չնայած այդ պարտությանը՝ «Դենվերը» նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր, քանի որ «Պորտլենդը» պարտություն է կրել «Ատլանտայից» (114:123): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Նիկոլա Յոկիչը, որը «Դենվերի» կազմում վաստակել է 30 միավոր: «Լեյքերսից» ամենաարդյունավետն էր 25 միավոր հավաքած Էնթոնի Դեւիսը: «Դենվերը» դարձավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած 6-րդ թիմը: Ավելի վաղ դա հաջողվել էր «Յուտային», «Ֆինիքսին», «Կլիպերսին», «Ֆիլադելֆիային» ու «Բրուքլինին»: Ստեֆեն Կարիի 41 միավորները «Գոլդեն Սթեյտին» օգնել են արտագնա հաղթանակ տանել «Նոր Օրլեանի» նկատմամբ՝ 123:108: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

 

 




Լրահոս