Այսօր «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը հանդիպում էր կազմակերպել երիտասարդների հետ: Հանդիպումից առաջ նա պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
«Հանդիպումը եղել է բաց, հրավերը եղել է սոցիալական ցանցի իմ էջում, որպեսզի որևէ տարանջատում չլինի. ցանկացած մարդ կարող էր գալ եւ տալ իր հարցերը: Երիտասարդությունը շատ կարեւոր է, եւ ինչպես ես եմ ասում, այս ընտրությունները երիտասարդներն են հաղթելու: Այն անձը, որին կհավատան երիատասարդները, նա կլինի մեր երկրի հաջորդ ղեկավարը», – նշեց նա:
Թարվերդյանը ընդգծեց՝ այս ընտրությունը լինելու է ամենակարեւորներից եւ իրեն էլ տեսնում է որպես ապագա վարչապետ: «Պետք է լինի մարդ, ում հասարակությունը սիրում եւ հավատում է եւ կկարողանա շատ մեծ բեռ տանել: Միանշանակ ինձ տեսնում եմ վարչապետի պաշտոնում եւ ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում այդ պաշտոնում: Ոչ թե դա մտքի թռիչք կամ երազանք է, այլ իմ անձը, իմ կրթությունը, իմ կյանքի փորձը համեմատում եմ բոլոր ուժերի ղեկավարների հետ: Եվ առաջարկում եմ հանդիպում, որ լինեն բոլոր առաջնորդները եւ պատասխանեն բոլոր հարցերին, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ովքեր են», – նշեց նա:
Երվանդ Թարվերդյանն այդպես էլ չի բացահայտում, թե որ բեւեռում է լինելու կամ որ ուժերի հետ է պատրաստ համագործակցության: «Ես շատ եմ հարգում բոլոր նախագահներին, նրանք միշտ նախագահ են, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր համախմբել եւ պայքարել ներկայիս իշխանության դեմ, այսինքն, ավելի բեւեռացնել հասարակությանը: Իսկ ես այսօր ասում եմ, որ պետք է համախմբվել եւ մի կողմ թողնեն ներկուսակցական շահերը», – հավելեց նա:
Ն.Հ.