3 տարի անց նախաքննության ավարտ է հայտարավել եւ դատարան է ուղարկվել պաշտպանության նախարարության ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Մասնավորապես, Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության և «Սիտտա Գրուպ» ՍՊ ընկերության օրինական շահերին:
Ինչպես հայտնի է 2018 հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել է չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:
Միաժամանակ դատախազի համաձայնությամբ`ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց այս գործից մանրամասներ էր հայտնել: Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել էր 2017 թվականին, որին անգամ խառնվել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների`ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ էր բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ էր պահել իր վերադասներին:
Օրինակ` զորամասերից մեկում պետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատկացրել է համապատասխան շինարարական տեխնիկան՝ զինանոցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել են 9 քառակուսի մետր զինանոց, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամենինչ արել են օրենքի շրջանակներում:
Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացնում է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունն ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:
Եվ ահա իշխանափոխությունից հետո աղմակահարույց գործին իրավապահները ընթացք են տվել, սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Աշոտ Գրիգորյանը ՊԵԿ քննչականում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է, որ կատարված չարաշահումները ինքն է բացահայտել եւ այդ մասին անձամբ տեղյակ է պահել իր վերադասներին: Չի բացառվում, որ նրա այս ցուցմունքն է հիմք դարձել, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժինը հարցաքննելու համար ծանուցումներ է ուղարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Սակայն նկատենք, որ մեղադրյալի աթոռի հայտնվել է միայն Աշոտ Գրիգորյանը:
Քնար Մանուկյան