ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ:
Վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր դինամիկա հաղորդելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Այս առնչությամբ կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների պարբերական անցկացումը:
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորումը և խաթարում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: