ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՀԿ-ն թեժ քննարկումների մեջ է. նոր դեմքեր են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին պատրաստվում է արդեն մեկ անգամ հետաձգված համագումարին: Ըստ մեր տեղեկությունների, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 23-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում պատրաստվում է համագումար անցկացնել: Նշենք, որ այն պետք է կայանար մայիսի 15-ին, սակայն սահմանային լարվածության պատճառով կուսակցությունը որոշել էր այն հետաձգել:

Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ մեկնել էր Աղվերանի հյուրանոցներից մեկը, որտեղ թեժ քննարկումներ էին ընթանում։ Լուսավորականները որոշել էին առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձեւաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը:

Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում՝ նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաեւ այդ հարցերում է կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու:

Մենք տեղեկացանք նաև, որ ԼՀԿ-ական պատգամավորներից հնարավոր է լինեն նաև Արկադի Խաչատրյանը, Տարոն Սիմոնյանը, Գևորգ Գորգիսյանը, որոնց աշխատանքից գոհ է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հստակ է նաև մի բան, որ ԼՀԿ ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, որին իր թիմը տեսնում է նաև վարչապետի պաշտոնում: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդեն պատրաստ է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակը, թե ոչ, վերջինս փոխանցեց, որ համագումար կանեն, նոր ցուցակը կգրեն:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս