Արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»,-ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկն ահազանգել էր Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։ Համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Ըստ ամենայնի՝ հենց նրանք են սպանել այդ քոթոթին:

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։




Լրահոս