Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու կարգը: Այսինքն հուլիսի 1-ից ճանապարհային երթևեկությունը խախտող վարորդներին քաղաքացիները կարող են նկարահանել ու ներկայացնել իրավապահներին:
Հիշեցնենք՝ խոսքը «գործ տալու», «հարեւանին վատություն անելու» օրենքի մասին է։ Ստացվում է, որ մեր հանրապետությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կարող են արձանագրել ոչ միայն տեսախցիկները, այլեւ ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որեւէ սարքավորում։
Այսինքն քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում, եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցները, ուսումնասիրելով տեսանյութը, կկազմեն վարչական ակտ:
Ի դեպ, 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։
Ս.Հ.