ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱԶԴԱԿՆԵՐ՝ 2.5 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ: Նա մասնավորապես նշել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այսինքն՝ նա ըստ էության ակնարկում է, որ այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային եւ պետական շահին: Ակնհայտ է, որ ԱԳՆ այս հայտարարությունն ազդակ է իրավապահ մարմինների համար, որոնք հերթական անգամ պարտավոր են պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցել: 

Արա Այվազյանը միակն էր, որ հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի իշխանության նախարար՝ հանցագործության մասին հաղորդում տվեց նրա դեմ:

Բայց  սա առաջին դեպքը չէ, երբ հեղափոխության միջոցով իշխանության եկած, ժողովրդավարության բաստիոն հռչակած հեղափոխական թիմի կոնկրետ անձինք հրաժարական  են տալիս եւ վտանգներ մատնանշում երկրի, պետականության, ինքնիշխանության, Արցախին սպառնացող վտանգների մասին: Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տալիս Փաշինյանին սթափության կոչ արեց, ամսիներ անց նա դարձավ Փաշինյանի ամենամոլի քննադատողներից մեկը։ «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – նշել էր Արթուր Վանեցյանը:

Իր քայլը որպես սթափության կոչ էր բնորոշել նաեւ Ոստիկանության նախկին ղեկավար Վալերի Օսիպյանը:

Պատերազմի ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը իր պաշտոնից հրաժարվելու պատճառներից մեկը համարում է այն հանգամանքը, թե ինչու պատերազմը շուտ չի դադարեցվել։

ՀՀ զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ շտաբի մյուս  անդամներն իրենց հայտարարություններով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ասելով. «ՀՀ վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ փորձելով պարզել՝ ինչ գործընթացներ կհետեւեն Արա Այվազյանի հայտարարություններին: Սպասում ենք հարցման պատասխանին:

 

 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի համար արդեն փաստաթղթային առումով որեւէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի մասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանն իր՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի, եւ նրա հայցը բավարարվել է: Հանրապետական կուսակցության մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանն իր թիմակիցներին ու առաջնորդին ասել է, որ կարող են առանց մտավախության իրեն ընգրկել ընտրացուցակում, մնացած հարցերն ինքը կկարգավորի: Սակայն ուշագրավն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունում նրա նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է, որը հայտարարվել էր 2019 թվականին, երբ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ, ըստ հաղորդագրության, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Այսինքն՝ ստացվում է՝ Պողոսյանը Վարչական դատարանում հաղթել է եւ իրավաբանորեն փաստ ունի, որ վերջին 4 տարում ոչ թե հետախուզվել է, այլ բնակվել ՀՀ-ում։  Հիշեցնենք, որ նա 2019 թվականից Մոսկվայում է, անգամ նրա արտահանձնումը թողարկվեց։ Եվ հիմա ստացվում է, որ Մոսկվան Հայաստանն է, եւ Պողոսյանն ընտրացուցակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Ավելին՝ նա իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ ոչինչ իրեն չի խանգարի հաղթանակի համար։ Իսկ նա բազմիցս է ապացուցել, որ կայուն ձայներ ունի կոնկրետ համայնքում։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջին ժամանակահատվածում ճամպրուկային տրամադրությամբ է: Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանն իր մտերիմ շրջապատում հայտարարել է, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն կամ  չընտրվեն, միեւնույնն է, իր պաշտոնավարումն անհնարին կլինի։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրվելու դեպքում սեպտեմբերին Երեւանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել։ Իսկ ընդդիմության, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելու պարագայում Մարությանը շարունակելու որեւէ շանս չունի։ Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում Մարությանը ընդհանրապես որեւէ մեկի հետ չի շփվում՝ ինչպես թիմակիցների, այնպես էլ աշխատակիցների հետ, ու կարելի է ասել՝ քաղաքապետարանում կյանքը կանգ է առել։ ԱԺ ատահերթ ընտրություններին նա մատը մատին չի տալիս։ Երեւանում ՔՊ-ի համար ձայներ բերելու պարտավորությունն իր վրա է վերցրել գործարար Խաչատուր Սուքիասյանը, իսկ քարոզչական մասով՝ Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու հաջորդ նիստը լինելու է հունիսի 22-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր հետո: Ավագանին պետք է ներկայացնի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը:

 

 

Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումն արգելող որոշման ժամկետը կերկարեցվի: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին նոր որոշման նախագիծ է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար: Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելվել էր այս տարվա հունվարի 1-ին նախնական վեց ամիս ժամկետով: Այսօր լրանում է արգելքի ժամեկտը, իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել. փոխում են հագուստի պիտակները: Այս հարցում նրանց օգնում են «կարգոները». թուրքական հագուստն ու կոշիկը Հայաստան մտնում են չինական պիտակներով, իսկ արկղերի վրա նշված է՝ Made in China: Բացի այս, վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի:

 




Լրահոս