«ԲԱ ՉԻՄԱՑԱՔ». ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդոն) նորություն ունի: Նա  շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ՝ «Բա չիմացաք»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանը՝ նշելով, որ այն թեթեւ, հումորային տեսահոլովակ է, որի պրեմիերան նախատեսվում հունիսի 13-ին:

 

Երգի խոսքերի հեղինակը երգիչ Նարեկ Բավեյանն է, իսկ ռեժիսորը՝ Արմեն Վարդանյանը:

«Երգը բամբասանքների մասին է, քաղաքական ենթատեքստ չունի: Հումորային, հետաքրքիր երգ է առօրյայի մասին՝ սկսած հարեւանների բամբասանքներից: Երգի խոսքերի հեղինակներն են Նարեկ Բավեյանն ու Արմեն Վարդանյանը, երաժշտությանը՝ Մարտին Միրզոյանը: Երգը երկար պատմություն ունի, այն ի սկզբանե եղել է Նարեկ Բավեյանինը, որը նա երբեւէ չի երգել: Նվիրեց ինձ, ես էլ որոշեցի փոխել ու ավելի ռիթմիկ դարձնել, տեքստի վրա աշխատել ենք ես եւ Արմեն Վարդանյանը: Երգի ոճը հիմնովին փոխել ենք, նաեւ ռեփի հատված ավելացրել: Կարծում եմ՝ այն հանդիսատեսի կողմից կսիրվի եւ մեծ ռեյտինգ կունենա»,- նշեց նա:

Իսկ թե ինչու է տեսահոլովակի գլխավոր հերոսը ջոկերը, մեր զուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր բամբասանք ասոցացվում է ջոկերի հետ, եւ դա է պատճառը, որ հատկապես նրա կերպարով է հանդես գալիս նա: Անդոյի հետ միասին տեսահոլովակում հանդես է գալիս նաեւ ճանաչված դերասան Լեւոն Հարությունյանը:

Դերասանը մեզ հետ զրույցում հատուկ շեշտեց, որ երկար ժամանակ դադար է ունեցել ստեղծագործական, եւ հիմա բացը լրացնելու ժամանակն է. «Տեսահոլովակը կրկին հրապարակվելու է մեր «Դեպուտատի շոու» յութուբյան ալիքով: Հիմա ունեմ 7 հումորային երգ, այս երգն էլ հետը կլինի 8-րդը, որոնք նախատեսում եմ թողարկել, բայց չգիտեմ՝ որը տեսահոլովակ կունենա, որը՝ ոչ: Կարելի է ասել, որ փոքրիկ հումորային ալբոմ եմ նախատեսում ունենալ, որից հետո կունենամ համերգ եւ սթենդ ափ»:

Դերասանը նաեւ անկեղծացավ, որ երգերի ձայնագրման ընթացքում վոկալային առումով բարդություններ են լինում:

«Ուզում եմ հստակ նշել, որ հանդիսատեսը չմտածի, թե երգիչ եմ կամ  ուզում եմ երգչի կարիերա ստեղծել: Ուղղակի դերասանը պետք է կարողանա նաեւ երգել, հետաքրքիր, թեկուզեւ հումորային տեսահոլովակներ նկարահանել՝ այդկերպ փորձելով հանդիսատեսի եւ հեռուստադիտողի հետ շփումը պահպանել: Ես պարզապես համոզված եմ, որ այն մեր հայրենակիցների կողմից շատ սիրվելու է»,- մեզ հետ զրույցի վերջում հավելեց Անդրանիկ Հարությունյանը:

 ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐԱՅԱՆ

 




Լրահոս