Հունիսի 5-ի երեկոյան շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Ներքին Շենգավիթի 1-ին փողոց։ Տներից մեկում մի կին հայտնաբերել էր եղբոր դին։ Շուտով շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ 55-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ կան։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը պարզեցին, որ վնասվածքը կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում Շենգավիթի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով նրանք համագործակցեցին ՔՈ գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։
Համատեղ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ տուժողն ու քրոջ որդին բակում մեքենա կայանելու հարցի շուրջ վիճել են, որի ընթացքում էլ զարմիկը դանակահարել էր քեռուն։ 31-ամյա կասկածվողը դեպքից ժամեր անց հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին: Նա խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։