ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում:
Գյուղի դպրոցի ուսուցիչների մի մասը տեւական ժամանակ է, ինչ լուռ պայքարի մեջ է տնօրենի հետ: Գյուղացիների պատմելով՝ այսօր դպրոցում պետք է ժամը 13.00-ին տեղի ունենար Վերջին զանգի արարողությունը, սակայն այն հետաձգվել է: Պատճառը Նիկոլ Փաշինյանի Արմավիրի մարզում անցկացրած քարոզարշավն է եղել:
Պարզվում է՝ դպրոցի տնօրենը չի կարողացել հրաժարվել քարոզարշավին մասնակցելուց, քանի որ ինքը վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին է եղել: Սա դեռ ամենը չէ, Քնարիկ Գալստյանը դպրոցի տնօրեն է նշանակվել թավշյա հեղափոխությունից՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Բաղրամյանցիների պատմելով՝ տնօրենը միայնակ չի մասնակցել քարոզարշավին, այլ իր հետ տարել է նաեւ դպրոցի ուսուցիչներին:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ զրուցեց դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է Վերջին զանգի հետաձգման պատճառը: Մեր հարցին ի պատասխան՝ Գալստյանն արձագանքեց. «Հարգելիս, դա ոչ մի կապ չունի քարոզարշավի հետ եւ նախօրոք օրը որոշված է եղել եւ ժամը 13.00-ին, որովհետեւ դպրոցում ուրիշ դասեր են եղել, նաեւ ուսուցիչները պետք է մասնակցեին, ես ուղղակի դասերին չեմ խանգարել: Դասերն ավարտելուց հետո Վերջին Զանգն է սկսվել, որովհետեւ ուսուցիչները պետք է մասնակցեին: Լոկ ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով մեր Վերջին զանգը սկսել է ժամը 13.30»:
ArmLur.am-ի հարցին՝ ինքը մասնակցե՞լ է քարոզարշավին, թե ոչ, տնօրեն Քնարիկ Գալստյանը չպատասխանեց. «Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել»:
Սյունէ Համբարձումյան