Երգչուհի Աննա Խաչատրյանը երկրպագուների դատին է հանձնել «Շուշի» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը Ռաֆայել Սահակյանն է, գործիքավորումն իրականացրել է հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մատիենկոն:
«Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել: Ի սկզբանե հատուկ չեմ պլանավորել, որ նման երգ պետք է երգեմ: Երգի հղինակ Շուշան Սարգսյանի հետ վաղուց ծանոթ եմ, եւ սուրճ խմելու ընթացքում ասաց, որ նման գեղեցիկ երգ ունի գրված, բայց չգիտի, թե ով պետք է այն երգի, եւ հենց այդ պահին որոշում կայացրեցի հստակ, որ ես պետք է երգեմ այդ երգը, եւ այդպես սկսվեց մեր առաջին համագործակցությունը: Երբ առաջին անգամ երգը լսեցի, էլ ավելի համոզվեցի իմ կայացրած որոշման մեջ, հետո արդեն սկսեցի աշխատել երգի տեքստի վրա, որի հեղինակը տաղանդավոր բանաստեղծ Ռաֆայել Սահակյանն է: Սա այն եզակի դեպքերից է, որ թղթի վրա բառերի տեսքով կարողացել է փոխանցել իմ ներսում կուտակված էմոցիաները, ինչի համար շատ շնորհակալ եմ: Իրականում երգի ձայնագրումը, տեսահոլովակի նկարահանումը էմոցիոնալ առումով շատ ծանր էր: Կարծում եմ՝ շատերն ինձ կհասկանան, բայց նաեւ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում եւ չեն ընկալում, թե ինչ ենք կորցել»,- նշում է երգչուհին:
Աննա Խաչատրյանի խոսքով՝ «Շուշի» երգի տեսահոլովակի գլխավոր գաղափարն այն է, որ նորից մենք պետք է ոտքի կանգնենք, նորից պետք է վերածնվենք, նորից շենանանք. «Տեսահոլովակում ներկայացված ծառի ճյուղը, որը փոխանցվում է սերնդեսերունդ, դա հենց մեր գլխավոր մեսսինջն է, որ մեր ազգին կոտրել հնարավոր չէ, եւ նորից սերնդեսերունդ ծաղկելու եւ շենանալու ենք եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետ վերադարձնենք մեր կորսված հայրենիքի կեսը»:
Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի հետ կապված կարծիքները եղել են շատ դրական եւ ոգեւորող, բայց իչպես ընդգծում է երգչուհին, քննադատողներ նոյնպես եղել են , ինչն, ըստ նրա, նորմալ երեւույթ է մեր երկրում:
«Պետք է նշեմ, որ նախ մեր ազգն է այդպիսին՝ ամեն ինչից դժգոհ ու քննադատող, եւ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ եթե ինչ-որ մի բան քեզ ցավեցնում է, պետք չէ դրա մասին բարձրաձայնել, բայց ես այդպես չեմ մտածում, սա էլ մեր բոլորիս հոգու ցավն է, որը բուժելու համար փորձում են դարման գտնել»,- հավելում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԴԵՊԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ». ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Արժեւորելով հզոր անցյալը՝ ավելի պայծառ ու լուսավոր ապագայի հավատով. հունիսի 5-6-ը մարզահամերգային համալիրում անցկացվել է «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը, որի շրջանակում ներկայացվեց «Դեպի մեծ երազանքներ» մանկական երաժշտական ներկայացումը:
Ներկայացման հիմքում հայկական մուլտֆիլմերի հերոսներն էին, որոնց հետ ծանոթանում են Բիգին՝ երազող հայը տիեզերքից, եւ իր ընկերները՝ աշխատասիրության խորհրդանիշ Ուման եւ բարության ու հոգատարության խորհրդանիշ Ասպետը:
«Դեպի մեծ երազանքներ» երաժշտական ներկայացման համահեղինակ Դինա Ավետիսյանը փաստում է՝ ներկայացման գաղափարն էր մարդկանց տանել դեպի հեքիաթը։ «Մեր բոլորի երազանքներն իրականանում են, եթե հավատում ենք ու ամեն օր թեւեր տալիս մեր երազանքներին։ Ստեղծվել է բոլորովին նոր հեքիաթ, որի հիմքում մեր հայկական հեքիաթների հերոսներն են։ Եվ այս հեքիաթի շուրջ աշխատել է իսկական հեքիաթային թիմ»,-նշում է Դինա Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ամբողջ թիմը մեծ խանդավառությամբ է աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ։
Նախագծի առաջնային նպատակն է հիշեցնել բոլորիս, որ ամենակարեւորը կյանքում երազելն է ու այդ երազանքի համար ամեն օր քրտնաջան աշխատելը: Իսկ, ահա, մեծ, համընդհանուր նպատակների հասնելու համար անհրաժեշտ է նաեւ ուշադիր ու հոգատար լինել միմյանց նկատմամբ, այլապես անհնար է երջանիկ լինել:
Ազգային նպատակներին հասնելու համար էլ պետք է ճանաչել, հարգել եւ ընդունել մերը՝ հայկականը: Ներկայացման բոլոր գլխավոր կերպարները հայեր են եւ իրենց կերպարային կյանքով ապացուցում են, որ հայը կա ու, Աստծո կամոք, դեռ ասելիք ու անելիք ունի:
«BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը:
Փառատոնը հնարավորություն ստեղծեց մի քանի օր շարունակ մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ եւ ստեղծագործություններ։ Մարզահամերգային համալիրում ստեղծվեց մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ իրենց հասակակիցների հետ մասնակից էին ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։ Մինչ փառատոնի մեկնարկը անցկացվել էին նաեւ հատուկ դասընթացներ՝ ուղղված երեխաների կարողությունների զարգացմանն ու տաղանդների բացահայտմանը:
ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Եվրո-2020-ում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը կկազմի 25 տարեկան, 117 օրական։ Դա անգլիացիների ամենաերիտասարդ կազմն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Այդ ցուցանիշով Անգլիայի հավաքականը նախորդ ռեկորդը սահմանել էր Եվրո-2016-ում, որտեղ խաղացողների միջին տարիքը կազմում է 25 տարեկան, 310 օրական։ Բացի այդ, այս կազմն անգլիացիների համար երկրորդ ամենաերիտասարդն է միջազգային մրցաշարերի պատմության մեջ։ Ավելի երիտասարդ կազմ Անգլիայի հավաքականն ունեցել է միայն 1958թ. Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությունում (25 տարեկան,109 օրական)։ Հիշեցնենք, որ հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրո-2020-ի խմբային փուլում Անգլիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի, Շոտլանդիայի ու Չեխիայի հավաքականների հետ։
ՊԱՇՏՊԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ
Ռուսաստանի հավաքականի եւ ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Եվգենի Վարլամովը կարծիք է հայտնել մոսկովյան ակումբի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի մասին։ Ռուս մասնագետը 11 տարի աշխատել է ԲԿՄԱ-ի ակադեմիայում։ «ԲԿՄԱ-ում իմ ամենասիրելի խաղացողներն են Դիվեեւը ու Տիկնիզյանը։ Նաիրին չեմ համակրում միայն այն բանի համար, որ նրա հետ աշխատել եմ ԲԿՄԱ-ի ակադեմիայում. նա վառ տղա է՝ արագ, տեխնիկապես լավ պատրաստված ու անսովոր մտածողությամբ։ Մարդկային որակները եւս հրաշալի են։
Տիկնիզյանը 14 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան։ Անմիջապես ուշադրություն դարձրի նրան արագության, դրիբլինգի, կրեատիվության ու ագրեսիվության շնորհիվ։ Նա խիզախորեն խաղն իր վրա էր վերցնում, գրեթե չէր նայում գնդակին, միշտ գլուխը բարձր էր խաղում։ Մեր սկաուտներին ասացի, որ բաց չթողնեն նրան։ Շուտով Նաիրը տեղափոխվեց ԲԿՄԱ»,- Եվգենի Վարլամովի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպերսը»։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 22-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում 4 տարով կերկարաձգի ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը։ Վերջերս Մոսկվայի «Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին պաշտոնական առաջարկ էր արել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով, սակայն տեղափոխությունը չկայացավ։ Ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: