Հայաստանում բենզինի գները բարձրացել են․ վարորդներն արդեն կատակում են՝ բենզինի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 470-480 դրամով, իսկ պրեմիումի գինը գերազանցում է 490 դրամը։
Ընդ որում բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում են նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ Նորահայտ ընկերության սահմանած գինը վերջին ամիսներին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար՝ այն վաճառելով ավելի մատչելի գնով։ Վարորդները հույս ունեն, որ բենզինի գինը կնվազի, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քիչ թե շատ երկրում կկայունանա ներքաղաքական վիճակը։
Սակայն մասնագետների համոզմամբ, բենզինի գնի բարձրացման պատճառը ներքաղաքական անկայուն վիճակը չէ, այլ՝ նավթի գնաճը։ Նավթի գներն աճել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ Բայց չնայած սրան՝ Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունիսի 7-ի դրությամբ կազմել է շուրջ 350 դրամ, իսկ Վրաստանում այն գերազանցում է 490 դրամը։ Ի դեպ, բենզինի գնի բարձրացման մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 3 եւ 5.4 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․