«Մարտունի» ԲԿ-ից Երևան է տեղափոխվել աղիքային վարակի ախտանշաններով 1-4 տարեկան 12 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-13-ը «Մարտունի» ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 պացիենտ, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով:

Նույն ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր, 30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ:

Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլոկոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված երկու պացիենտների մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ` Կլոստրիդիում դիֆիցիլե է, իսկ երկու նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ Կլոստրիդիում դիֆիցիլեն հաստատվել է:

Այժմ աշխատանքներ են տարվում` բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ:




Լրահոս