Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը շարունակվում է։
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել՝ որ ուժն ինչպես է քարոզարշավ իրականացնում։
«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 14-ին եղել է Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ին նրանք եղել են Բյուրեղավանում, ապա 12։30-ին՝ Նոր Հաճնում, 14։00-ին՝ Եղվարդում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի այգում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ ժամը 11։00-ին։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է հետպատերազմյան ծանր ճգնաժամի մեջ: Ու այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ հայհոյախառը ելույթները, ատելության քարոզը, ըստ Էդմոն Մարուքյանի, չի օգնում ոչ մի հարցում: Ոչ օգնում է սահմանից թուրքերին հանելուն, ոչ բանակցություններում, ոչ ռազմագերիներին վերադարձնելու հարցում: Եվ հետընտրական պրոցեսները, որոնք նախապատրաստվում են կրկին ոչ մի բանին օգուտ չեն տալու:
«Հետևաբար մենք կոչ ենք անում ընտրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի մարդիկ նաև երկրից չարտագաղթեն: Մենք ժողովրդից հայցում ենք իրենց լիազորությունը բոլորին սեղանի շուրջը համախմբելու համար: Ոչ մի ուժ Հայաստանում չպետք է ունենա բացարձակ իշխանություն: Մենք բոլորս դրա զոհն ենք թե հեղափոխությունից առաջ, թե հետո: Մեզ անհրաժեշտ է ազգային բալանսավորված իշխանություն՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը, որպեսզի կարողանանք երկիրն այս վիճակից հանել»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավն իրականացրեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, աշխատել են մի քանի խմբով։ Ժամը 13։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները Գավառում հանդիպել են քաղաքացիների հետ, ապա մեկնել Վարդենիս՝ ժամը 16։00-ին, իսկ 18։00-ին՝ Մարտունի։ Տավուշի մարզում մեկնարկը կտրվեց ժամը 13։00-ին Դիլիջան քաղաքից, ապա 16։00-ին կլինեն Իջևանում, իսկ 18։00-ին՝ Նոյեմբերյանում։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացրեց Արագածոտնի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 16։00-ին եղան Աշտարակում, այնուհետև վերադարձան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացրել է Արարատի մարզում։ Նիկոլ Փաշինյանը խոսեց մատչելի պայմաններով վարկերի տրամադրման, վերապատրաստման դասընթացների մասին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել: «Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ընդգծեց Փաշինյանը:
«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ եղել են Արմավիրի մարզում և Երևանում։ Առաջին կանգառը Էջմիածնում էր, որտեղ փոքրիկ հանդիպում-հանրահավաք անցկացվեց Մշակույթի տան առջև։ Ելույթներ ունեցած դաշինքին սատարող մի քանի անձինք, Դաշնակցության ներկայացուցիչները և Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց ապագայի ծրագրերի վերաբերյալ։ Քննադատելով իշխանություններին՝ նա նշեց, որ այդ քաղաքական թիմի անճարությունն է բերել այն կորուստներին, որ այսօր ունի Հայաստանը: «Քաղաքացին պետք է զբաղվի իր գործով, իր ընտանիքով, իր ժամանցով իր հողի վրա, իսկ կառավարությունը պետք է ծառայի, անի ամեն ինչ, որ այդ աշխատանքը լինի արդյունավետ։ Եվ եթե դուք ևս սկսեք ամեն օր հիշել կառավարությունը, ուրեմը լրջագույն պրոբլեմի առաջ է կանգնած երկիրը։ Ամենից լավ կառավարությունը նա է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում։ Ամեն օր նկատելը նշանակում է, որ ամեն օր պրոբլեմ են ստեղծում, որի պատճառով մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը այս կամ այն գործը պետք է անի ու չի անում»։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները եղել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, հանդիպել ընտրողների հետ։ «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 14-ին հանդես եկան ասուլիսով։
Հիշեցնենք, որ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: