ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն առաջարկել է արտախորհրդարանական ուժերից մարմին ստեղծել. ովքեր կընդունեն առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տվեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքի մեկնարկը: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել խորհուրդ կամ մարմին՝ ձևավորված արտախորհրդարանական ուժերից:

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցությունների մասին խոսել էր դեռևս ընտրության օրը՝ կեսգիշերին: Նա ցանկանում է լսել քաղաքական ուժերի պատկերացումները Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի ու զարգացումների վերաբերյալ:

Երեկ նա հանդիպում ունեցավ ««Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի անդամներ Լևոն Շիրինյանի ու Արման Բաբաջանյանի հետ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

Վարչապետի պաշտոնակատարը Մարուքյանի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու շեմը, որովհետև կուսակցությունն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել վերջին տարիների քաղաքական կյանքում: Մարուքյանն էլ արձանագրել է՝ երկրի ներսում միասնականությունը վերականգնելու իրենց օրակարգը պարտվել է:

Փաշինյանը կարծում էր, որ 5 տոկոսի շեմը կհաղթահարի 3 տոկոսից ավելի ձայն հավաքած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Իր խոսքում Արամ Սարգսյանը նախընտրեց ոչ միայն փոխադարձ հաճոյախոսությամբ հանդես գալ, այլ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իր տեսակետները հայտնել։

Սակայն նկատենք՝ «5165 շարժումը», «Ազատություն» կուսակցությունն ու Ազգային ժողովրդավարական բևեռը մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը:

Իսկ խորհրդարանական 5 տոկոսի շեմը չհաղթահարած ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել ընտրությունների վերաբերյալ, մինչև հիմա չեն արձագանքել նաև Փաշինյանի այս կոչին։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս