Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը:
Ֆերդինանդ Կարապետյանն առաջիկա Օլիմպիական խաղերում Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն է: Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: