Արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին. Դատախազությունը՝ Արմեն Չարչյանի կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Արմեն Չարչյանի կալանավորման միջնորդության հետ կապված։

««Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես է դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ:

Ելնելով դրանից՝ Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների: Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում: Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է:

Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով:

Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին: Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներն ինքնին փաստում են նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերի առկայությունը, ինչը նաև դատարանի համար էր հիմք հանդիսացել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելիս:

Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Երկրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ հիվանդության պատճառաբանությամբ նախնական կալանքից ազատվելու հարցը լուծելու համար կա հստակ ընթացակարգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից: Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն:

Այդուհանդերձ, Ա. Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը:

Վերջում հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի:




Լրահոս