ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան», «Սեւան» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն օրենքով արգելված եղանակով ձեռք բերված բազմաթիվ բջջային հեռախոսների եւ այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի, ինչպես նաեւ կապի այլ միջոցների գործածմամբ, հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետեւ՝ ազատության մեջ գտնվող քննությամբ դեռեւս ինքնությունները չպարզված մի շարք քաղաքացիների հետ, խաբեության եղանակով իրականացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն:

 

2017թ. մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող եւ տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող կոնցեռնի անվան բառերի այլ համադրությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի կալանավորը, տեղեկացված չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, իր հերթին խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի փաստաթղթերը եւ կնիքը միջնորդավորված եղանակով փոխանցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին։

Այնուհետեւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում գտնվող «Սեւան» ՔԿՀ դատապարտյալի, ինչպես նաեւ Երեւան քաղաքում եւ ՀՀ տարբեր մարզերում բնակվող իր համախոհների հետ տեղեկություններ հավաքել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաեւ մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, այնուհետեւ կապ հաստատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ դերերի բաշխմամբ ներկայացել են ՀՀ-ում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, վստահություն առաջացնելու նպատակով սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզելով վերջիններից, որից հետո մասնավոր եղանակով բեռնափոխադրումներ իրականացնող, սակայն կատարվող հանրորեն վտանգավոր արարքին անտեղյակ վարորդների միջոցով հափշտակություններ իրականացնելու նպատակով արդեն հիմնված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնիքով հաստատել են հարկային հաշիվները՝ այդկերպ տուժողի մոտ վստահություն առաջացնելով թվացյալ գործարքների նկատմամբ, այնուհետեւ ստանալով իրացվող ապրանքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն՝ դրանք տեղափոխել են այլ վայր եւ հափշտակել։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երեւանի 45-ամյա բնակչուհին:

Բացի այդ, 37-ամյա տղամարդը, նույն քրեական գործի շրջանակներում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գտնվելով ազատության մեջ, խուսափել է քննությունից եւ թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ 2020թ. հուլիսի 20-ից գտնվելով հետախուզման մեջ՝ կատարել է հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքի նոր դրվագներ, որոնցից մեկի իրականացման ընթացքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով (7 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ)։ Վերջինս կալանավորվել է: «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալին եւ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել եւ առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առեւտրի հերթական փորձը: Մասնավորապես, List.am կայքում Suren օգտատիրոջ դրսեւորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում եւ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ:

Պարզվել է, որ Suren օգտատերը հանդիսանում է քաղաքացի Ս.Գ.-ն: Վերջինս, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ:

Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց, այդ թվում՝ նշված նպատակով պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելուց: Կոմիտեն վստահեցնում է, որ նման դեպքերը նույնպես հետեւողական ջանքերի արդյունքում օպերատիվ բացահայտվում են, եւ տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ:

Նմանատիպ իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Մասնավորապես, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարվելու դեպքում պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՉԱՐՉՅԱՆԻՆ

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացրել։ Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցվելու որոշում է կայացվել:

 

Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ: Ըստ քրեական գործի` Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քննվելու է Չարչյանի կալանքի տանելու հարցը: Իսկ ինչո՞վ է հայտնի դատավոր Մելիքսեթյանը, եւ դատական համակարգը ի՞նչ կասկածներ ունի դատավորի որոշման մասով: Բանն այն է, որ դատական համակարգում քննարկվում է այն վարկածը, որ դատավոր Մելիքսեթյանը կալանքի կտանի Չարչյանին՝ հաշվի առնելով ամուսնու գործոնը:

Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին՝ հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել, դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Սակայն միակ դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն էր, որ բավարարել էր քննիչի որոշումը եւ կալանքի էր տարել ակցիայի մասնակիցներից մեկին:

Դատական համակարգը ուսումնասիրել եւ պարզել էին, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ամուսինը ոստիկանության Ապարանի քրեական հետախուզության բաժնի պետն է: Չի բացառվում, որ դատավոր Մելիքսեթյանը ոստիկան ամուսնու գործոնից ելնելով է բողոքի ակցիայի մասնակցին կալանքի տարել: Ուստի այս դեպքում էլ դատական համակարգում կարծում են, որ դատավոր Մելիքսեթյանը իրավապահ համակարգի դեմ դուրս չի գա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս