ԶԻՋՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՆՎԱՍՏԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՍԿՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Նիկոլ Փաշինյանը պահպանում է իշխանությունը. գրում է ԽՏՎպՐրՈվՑՖ պարբերականը, որի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը փորձել է հասկանալ, թե դա ինչ հետեւանքներ կունենա երկրի, տարածաշրջանի եւ ռուս-հայկական հարաբերությունների համար:

 

«Ընտրություններում Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվերապահ հաղթանակի արդյունքները Մոսկվայում անակնկալի բերեցին շատերին, քանի որ այդ մարդիկ, փաստորեն, առաջնորդվում էին կեղծ վարկանիշներով եւ  կեղծ հարցումներով, որոնք հաջողություն էին կանխատեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին: Թվում է, որ ընդհանուր առմամբ իրավիճակի վերաբերյալ մեր շատ հայրենակիցների տեսակետը նույնպես խիստ աղավաղված է: Ինչպիսի՞ն էր պատկերը արտաքին դիտորդի համար, որը ներգրավված չէր հայկական ներքին հարցերում: Փաշինյանը պարտված քաղաքական գործիչ է, պատմության ընթացքում հայերի կողմից երբեւէ կրած ամենանվաստացուցիչ ու ցնցող պարտություններից մեկի խորհրդանիշն ու մեղավորը»,- գրում է վերլուծաբանը` զուգահեռներ անցկացնելով 1990-ականների հետ, երբ Հայաստանն առաջին արցախյան պատերազմում հաղթեց Ադրբեջանին:

«Իսկ հիմա այդպիսի ջախջախում, այն էլ` բոլոր կետերով, առանց հնարավորության: Ըստ տրամաբանության` դրա համար պատասխան պետք է տա առաջնորդը, որը պատերազմի նախօրեին վարում էր անպատասխանատու եւ անխոհեմ քաղաքականություն՝  միաժամանակ հրահրելով Բաքվին եւ մարտահրավեր նետելով Մոսկվային՝  միակ հավանական դաշնակցին, որն ընդունակ է կանխել հակամարտությունը կամ կանգնեցնել այն սկզբնական փուլում: Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Կրեմլը նման ցանկություն չունենա, եւ ահա աղետալի արդյունքը: Բայց պարադոքսն այն է, որ, ինչպես պարզվեց, իրավիճակը Հայաստանի ներսում այլ տեսք ունի»,-գրում է վերլուծաբանը:

Յուսինի կարծիքով` հայկական ընդդիմության խնդիրն այն է, որ Փաշինյանի դեմ պայքարելիս այն չկարողացավ գտնել նոր դեմքեր: Ըստ նրա` հասարակությանը պետք չեն նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ ընդդիմության խորհրդանիշներն էին: Այս պարագայում նրա համար Փաշինյանը դարձավ չարյաց փոքրագույնը:

«Հայերը պատրաստ են ներել նրան ինչպես պարտության, այնպես էլ նվաստացման համար: Եվ սա ժողովրդի ընտրությունն է, որքան էլ դա անտրամաբանական, ծիծաղելի, մազոխիստական թվա կողքից: Երկրի հարեւանները՝  ինչպես գործընկերները, այնպես էլ թշնամիները, ստիպված կլինեն հաշվի նստել այս ընտրության հետ: Իսկ հայ ժողովրդին կարելի է մեկ բան խորհուրդ տալ` հնարավորինս շուտ ազատվել պատրանքներից: Նվաստացումները, զիջումները, փոխզիջումները չեն վերջանա: Թերեւս դրանք դեռ նոր են սկսվում. սա է այն բոլոր պետությունների եւ ժողովուրդների ճակատագիրը, որոնք պարտվել են պատերազմում: Չկան ո՛չ բացառություններ, ո՛չ էլ հրաշքներ: Վաղ, թե ուշ ստիպված կլինեն զիջումների գնալ Բաքվի հետ ինչպես սահմանային հարցերում, այնպես էլ տրանսպորտային միջանցքի երկայնքով, որը պետք է անցնի Հայաստանով`  Նախիջեւանը կապելով մնացած Ադրբեջանի հետ: Սրանք հենց այն զիջումներն են, որոնց Փաշինյանը համաձայնեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագրեր կնքելիս: Տհաճ է, զզվելի, նվաստացուցիչ, բայց այդ կետերին պետք է հետեւել: Եվ սրա համար, թերեւս առանց գիտակցելու,  քվեարկեցին այն մարդիկ, որոնք Փաշինյանին հաղթանակ պարգեւեցին ընտրություններում»,- եզրափակել է Յուսինը:

 

 

ՔՎԵՆ ՋՈՒՐ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի տարածքում Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ Սարգիս Պապյանը Նիկոլ Փաշիյանին խոստացել է, որ բոլոր ոսկեպարցիները հունիսի 20-ի ընտրություններում իրենց քվեները կտան Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցած 359 ոսկեպարցիներից 285-ն իրենց քվեն տվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը։ Սարգիս Պապյանը 1999թ. Ոսկեպարում կառուցել է իր անունով կոչվող Սուրբ Սարգիս եկեղեցին։ Ոսկեպարից հայտնեցին, որ արդեն մեկ տարի է, ինչ այդ եկեղեցուց վերեւ գտնվող իր առանձնատան տարածքում Սարգիս Պապյանը Ոսկեպար գյուղի տարածքում գտնվող ջրաղբյուրից խողովակով ջուր է տեղափոխել  իր առանձնատան տարածք եւ այնտեղ պլաստիկե շշերով ջրալցում է կատարում, որպես արտադրանք առաքում, իրացնում։ Այդտեղ շշալցված ջուրը մատակարարվում է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերին։ Ոսկեպարի բնակիչների խոսքերով՝ այդտեղ 5-6 աշխատող է զբաղված շշալցմամբ։

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԻ  ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Արտահերթ խորհրդարանական ընտրություննների օրը՝ հունիսի 20-ին,  Տավուշի մարզի Բերդ համայնքի մաս կազմող Արծվաբերդ գյուղի տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկում, որպես տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ներկայացված էի, հետեւում էի ընտրական գործընթացներին։ Քաղաքական մրցակցությունը մեծ էր, ավտոմեքենաներով քվեարկության էին բերում շատ մեծահասակների, որոնք առողջության շատ լուրջ խնդիրներ ունեն, չեն  կարողանում քայլել, զառամյալ տարիքի հետ կապված  հոգեբանական խնդիրներ ունեին եւ այլն։ Նկատվում էր ընտրողների ակտիվությունը, որոնք գալիս, կամ որոնց ավտոմեքենաներով բերում էին քվեարկության։ Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ Տավուշի մարզում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 767 ընտրող, որից քվեարկության մասնակցածների  թիվը կազմում է 44 հազար 535։ Տավուշի մարզի 57 գյուղերից եւ 5 քաղաքներից՝ Իջեւանից, Դիլիջանից, Նոյեմբերյանից, Այրումից, Բերդից քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը  44 հազար  535 է այն դեպքում, երբ Իջեւան քաղաքում հաշվառված   բնակչությունը ավելի քան 20 հազար է, Դիլիջանի բնակչությունը՝ ավելի քան 15 հազար, Նոյեմբերյան քաղաքինը՝ 5500։ Բերդ քաղաքում հաշվառված է 9800 մարդ, սակայն փաստացի բնակվում է մոտ 8 հազար մարդ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԿՈՉ՝ ԵՄ-ԻՑ

Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը եւ համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները: «Հունիսի 20-ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ընտրությունները եղել են մրցունակ եւ, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, եւ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական: Քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի բոլոր հաստատությունների, այդ թվում՝ նորընտիր խորհրդարանի եւ կառավարության հետ: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը եւ համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները՝ ի նպաստ Հայաստանի»,-ասված է հայտարարությունում:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ

«Ի սկզբանե պարզ է եղել, որ Ռուսաստանի Դաշնությունը արել է եւ անում է ամեն բան, որ հայ ռազմագերիների վերադարձը իրականանա, ինչպես գիտեք, մեր ուշադրության կենտրոնում է այդ հարցը»,- ասել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեպսան Սերգեյ Կոպիրկինը: «Մուրադովը զբաղվում է հայ ռազմագերիների հարցով, այդ հարցում ներգրավված է նաեւ պետական ապարատը: Ես կարծում եմ, որ 15 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության: Արտահերթ ընտրությունների վերագրելով գերիների վերադարձը եւ դա մեկնաբանելով գործողությունների ակտիվացում՝ դժվար է, քանի որ այդ հարցը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում»,- ասել է Սերգեյ Կապիրկին: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ սահմանին ՌԴ խաղաղապահների տեղակայմանը: «Ինչպես գիտեք, կան տեղակայված ռուս սահմանապահներ Սյունիքում՝ հայ-ադրբեջանական խնդրահարույց վայրերում, իսկ ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Գեղարքունիքի մասով եկեք սպասենք»,- նշել է նա:

 




Լրահոս