ՖՈՏՈ. Սկսել եմ մարդկանցից չնեղանալ. Արսեն Գրիգորյանը՝ 43-ամյակը ԱՄՆ-ում նշելու եւ հայտնի հյուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Լոս Անջելես քաղաքում տոնել է ծննդյան 43-ամյակը: Երգիչը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է տարեդարձի մանրամասների, հայտնի հյուրերի եւ Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառի մասին:

«Նախ նշեմ, որ Միացյալ Նահանգներ եմ եկել միայնակ, մի փոքր հանգստանալու, իսկ տարեդարձս նշել եմ Լոս Անջելեսի «Մեցցո գարդեն» ռեստորանում, որն ինձ շատ հարազատ վայր է: Նշել եմ իմ ընկերների, իմ սիրելի մարդկանց հետ, որոնց թվում էին նաեւ շատ հայտնի մարդիկ: Տարեդարձիս ներկա էր իմ ընտանիքի քավոր Արման Հովհաննիսյանը, մտերիմ ընկերներից Արմենչիկը, Ջոնիկ Կարապետյանը, Նորոն, Հարութ Բալյանը, Հովհաննես Շահբազյանը, Սուրեն Ավոյանը, Արմեն Դավթյանը, մի խոսքով՝ բոլոր իմ սիրելի եւ թանկ ընկերները, որոնցից շատերը բոլորովին կապ չունեն երաժշտական աշխարհի հետ:

Անդրադառնալով անակնկալ նվերներին Արսեն Գրգորյանը նկատում է, որ նրա համար առհասարակ անակնկալ նվեր հասկացություն գոյություն չունի:

«Մենք բոլորս էլ այնքան բան ենք կյանքում տեսել, որ ոչ մեկս էլ, ոչ մեկիս ոչ մի բանով չենq զարմացնի: Ինձ համար կարեւորը մարդկային վերաբերմունքն է, սերն ու հարգանքն է միմյանց նկատմամբ: Կարեւորն այն գիտակցումն է, որ դու սիրված ես քո ընկերների, շրջաապատի, քո հարազատների կողմից, եւ դա ինձ համար ամենամեծ նվերն է, որը ես վայելում եմ»,-ասում է նա:

Երգչի կինն ու երեխաները նրան շնորհավորել են օվկիանոսի այն կողմից՝ Հայաստանից, քանի որ նրանք Արսեն Գրիգորյանի հետ Միացյալ Նահանգներում չեն գտնվում:

Հարցին՝ որն է նրա գլխավոր երազանքը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Իմ գլխավոր երազանք է տեսնել ընտանիքիս առողջ, ապահովված, ունենալ այնպիսի աշխատանք, որ կարողանանք հանգիստ ապրել մեր երկրում, եւ երբեք չմտածենք մեր երկրից հեռանալու մասին: Երազանքս է, որ այլեւս չտեսնենք պատերազմներ, ոչ մի անմեղ զոհ չլինի, եւ ես որպես արվեստագետ միշտ մնամ արվեստի մեջ եւ իմ միակ աշխատանքի միջոցը լինի երաժշտությունը»:

Արսեն Գրիգորյանը նշում է, որ շատ հարցերի սկսել է նայել բոլորովին այլ տեսանկյունից:

«Առաջինը սկսել եմ մարդկացից չնեղանալ, քանի որ հասկացա, որ եթե նեղանալով լինի, ապա ամեն երկրորդից նեղանալու եմ: Ես կյանքը պատկերացնում եմ այնպես, ինչպես նրան ես եմ նայում, ես ինչպես կանեի, եւ դրա համար շատ եմ իմ կյանքում նեղացել մարդկանցից, իսկ հիմա որոշել եմ, որ պետք չէ ոչ մեկից ավելին ուզել: Կարծում եմ տարիքի հետ որքան մեծանում ես, այնքան ամեն ինչին սկսում ես այլ կերպ նայել, եւ սկսում ես այլ կերպ վերագնահատել կյանքդ»-հավելում է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս