Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է վաղը՝ հունիսի 27-ին վերջնական ամփոփի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Արդեն դրանից հետո տեղի է ունենալու մանդատների հանձնման արարողությունը: Եվ թեեւ Սահմանադրությունը հստակ ժամկետներ է նախատեսում առաջին նիստի գումարման մասով, սակայն ժամկետների փոփոխություն կարող է լինել, քանի որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները:
Եվ ըստ այդմ, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի ոչ թե հուլիսի 5-ին, այլ ավելի ուշ՝ կախված այն փաստից, թե երբ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի։ Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանում վիճարկման ընթացակարգերին, ապա որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, կարող է, իհարկե, նաև ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը։
Կանոնակարգի համաձայն, առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: 8-րդ գումարման խորհրդարանում այդ պատվին կրկին կարժանանա 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նախորդ երկու գումարումներում ևս նախագահում էր առաջին նիստը։ Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Այդ օրը կընտրվի ԱԺ նախագահ, փոխնախագահներ:
Ազգային ժողովի նախագահն ԱԺ առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ: Երբ առաջին նիստի գումարմամբ խորհրդարանը համարվում է ձևավորված, հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում՝ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Եվ սա էլ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես կայուն մեծամասնության ներկայացուցիչ մեխանիկորեն նշանակվելու է վարչապետ:
Արդեն դրանից հետո սկսվելու է կառավարության ձևավորման գործընթացը. կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ հրամանագրում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:
ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Առաջին նստաշրջանն ավարտվում է խորհրդարանի խոսնակի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Եվ ահա, հաշվի առնելով այս ընթացակարգերը հուլիս եւ օգոստոս ամիսներին ԱԺ նիստեր տեղի կունենան, ինչը նշանակում է, որ թեժ ամառն ապահովված է: Բացի այս, ԱԺ հերթական նստաշրջանն էլ անկախ ամեն ինչից գումարվելու է սեպտեմբեր ամսվա երկրրոդ երկուշաբթիից: Այնպես որ քաղաքական ակտիվությունը չի մարի:
Մանրամասները՝ տեսանյութում