Լաչինի միջանցքով օրական շուրջ 100 մեքենա է անցնում. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը և ապահովել Լաչինի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն դիտվել:

«Մենք վերահսկում ենք Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Օրական միջին հաշվով դիտակետով անցնում է շուրջ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի հերթապահը զննում է զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը», – հայտնել է դիտակետի հրամանատար Վասիլի Դովիդովը:

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ, ինչպես նաև վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու ուղղությամբ:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:




Լրահոս