ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ. մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

 

Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա. Սարգսյանին 150.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115?000 դրամով։ Վերջինս էլ, առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։

Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ  գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ, առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով եւ ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը մինչեւ 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու եւ համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում թույլ են տրվել  հետյալ խախտումները՝

համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով  նպատակային նշանակությունը,  եւ տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։

Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերում,  առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու, զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու եւ պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

 

 

 

ԶՈՀԵՐ ԿԱՆ. ԸՆՏՐԵԼ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը Հայաստանի  մարզերից ամենաշատ քվեները ստացել է  Տավուշի մարզում։ Տավուշի մարզի  ցուցակային  82 հազար 767 ընտրողներից   ընտրությունենրին մասնակցել է 44  հազար  535-ը, որոնցից 30 հազար 177-ը ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքը ստացել է 6878, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1368, «Պատիվ  ունեմ» դաշինքը՝  1086 քվե,  մնացած  կուսակցությունները  եւ դաշինքները ավելի  քիչ  քվեներ են ստացել։

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ամենամեծ  գյուղն  Արծվաբերդն է, ունի շուրջ 3100 բնակիչ։ 2020թ. Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Արծվաբերդը 12 զոհ է տվել, որից 6-ը հուղարկավորված է Արշվաբերդում, 6-ը՝ Եռաբլուրում։ Արծվաբերդցիները հայտնեցին, որ իրականում զոհերի թիվն ավելի մեծ է, քանի որ իրենց գյուղից սերվածներ կան, ովքեր բնակվել են Հայաստանի այլ վայրերում, նրանք նահատակվել են Արցախում տեղի ունեցած պատերազմում։ Սակայն Արծվաբերդի բնակիչները պատերազմում պարտության, Արցախի փաստացի անկախության կորստի, Արցախի մեծ տարածքների հանձնման, հազարավոր զոհերի, 11 հազար վիրավորների համար մեղավոր չեն համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլապես խորհրադարանական արտահերթ ընտրություններին արծվաբերդցիների մեծամասնությունը քվե չէր տա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը։

Արծվաբերդում  գործում էին ընտրական 2 տեղամաս. 38/38 ընտրական տեղամասը տեղակայված  էր  Արծվաբերդի մշակույթի կենտրոնում, 38/39 ընտրական տեղամասը՝ Արծվաբերդի հիմնական դպրոցում։  Հունիսի 20-ին Արծվաբերդում  ընտրությունները կայացել են առանց ընտրական խախտումների, միակ թերությունը տարեց, առողջության, տեսողության հետ խնդիրներ ունեցողներին քվեարկության ժամանակ օգնողների մեծ թիվն էր։ Ընտրությունների արդյունքում ընտրական հիմնական ցուցակում  1245  ընտրող ունեցող  Արծվաբերդի 38/38 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը»  ստացել է 551 քվե,  իսկ «Հայաստան» դաշինքը՝ 60 քվե, ընտրական հիմնական ցուցակում  1124 ընտրող ունեցող  38/39 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրն»  ստացել է  506 քվե,  իսկ «Հայաստան» դաշինքը՝ 29 քվե. մնացած  23 կուսակցությունները եւ դաշինքները Արծվաբերդի ընտրական երկու տեղամասերում ավելի  քիչ  թվով քվեներ են ստացել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԱՏԱԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

Աբովյանի դիահերձարանի նկուղում՝ գետնին զինվորների մարմինները պարկերը լցնելու գործով հարցաքննվել է դատաբժիշկներից մեկը եւ, ըստ նախնական վարկածի, հայտնել է, թե նման քայլի գնացել են ոչ միտումնավոր, այլ սառնարաններ չեն եղել, եւ ժամանակավոր մարմինները դրել են այդպես, մինչեւ սառնարանները դատարկվեն, որից հետո պետք է արագ տեղափոխեին սառնարան: Ի դեպ, ցուցմունք տված դատաբժշկին ազատել են աշխատանքից:

 

Նշենք, որ Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչեւ այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։ Միեւնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, եւ դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն մեկ օր անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի եւ մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ նշելով, որ բացթողում է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել եւ համոզվել դիակների պահպանման մանրամասներին։

Ավելի ուշ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը եւ 2 աշխատակից ազատվել էին աշխատանքից: Ի դեպ, գործով դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, եւ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս