ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետեւանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։

 

Հիմնավորման համաձայն՝ ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռեւս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաեւ առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, 2021թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչեւ 2020թ. մարտի 31-ը: Վերջիններս միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան առնվազն 3 աշխատող, չեն հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որեւէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետեւյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում եւ զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող անձանց հյուրընկալող ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին՝ համապատասխան միջոցառումներով եւ կարգերով սահմանված աջակցության տրամադրումը շարունակել եւս երեք ամիս՝ մինչեւ 2021 թվականի օգոստոսը ներառյալ: Այդ միջոցառումներն ավարտվում են 2021թ. հունիսին: Միջոցառումներից օգտվելու համար դիմումների ընդունման գործընթացի վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել երկարացնել միջոցառումների ժամկետները՝ եւս երեք ամսով աջակցություն տրամադրելու հունիս-օգոստոս ամիսների համար եւս:

Կառավարության մեկ այլ որոշմամբ 554,380.7 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարաններին՝ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

 




Լրահոս