ԱԱԾ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԵՐԿԱՅԱՑԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել անօրինական ճանապարհով բանակից ազատման գործընթացներին, թե ինչպես են զինվորների ծնողներին ներկայանում պաշտոնյա եւ խաբեությամբ նրանցից խոշոր չափերի գումար հափշտակում:

 

Եվ, ահա, իրավապահները հերթական դեպքն են բացահայտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մերի Պետրոսյանի որդին՝ Նորայր Մարկոսյանը, 2018 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ: 2018 թվականին սեպտեմբերին Մերի Պետրոսյանը ծանոթացել է Արման Սարգսյանի հետ, որը վերջինիս ներկայացել է իբրեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա՝ գեներալ-մայորի կոչումով, իսկ Մերի Պետրոսյանի հետ հանդիպումներին գնացել է նախապես իր կողմից ձեռքբերված գեներալ-մայորի զինվորական համազգեստով: Շփումների ընթացքում Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ ինքը՝ որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, կարող է Մերիի որդու օգտին կատարել գործողություններ, զբաղվել նրան զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով:

Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է օգնել Նորայր Մարկոսյանին ազատել հետագա զինվորական ծառայությունից, որից հետո Մերի Պետրոսյանի եւ Արման Սարգսյանի միջեւ ձեռք է բերվել 1000 ԱՄՆ դոլար կաշառքի միջոցով Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն: Այդ նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է պայմանավորված 1000 ԱՄՆ դոլարը: 2018 թվականի դեկտեմբերին Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ անհրաժեշտ է եւս 500 ԱՄՆ դոլար Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու գործընթացն ավարտին հասցնելու համար, որից հետո՝ նույն ամսին, Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է եւս 500 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Մերի Պետրոսյանը, վստահ լինելով Արման Սարգսյանին պաշտոնատար անձ հանդիսանալու փաստի մեջ, վերջինիս կողմից իր որդու օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով ընդհանուր խոշոր չափի՝ 776.035 ՀՀ դրամին համարժեք գումարը որպես կաշառք հանձնել է Արման Սարգսյանին, սակայն վերջինս, ստանալով գումարը, Մ.Պետրոսյանի որդու օգտին որեւէ գործողություն չի կատարել, այլ խարդախությամբ, այն է՝ չարաշահելով Մ. Պետրոսյանի վստահությունը՝ խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի գումար: Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել զինվորի մայրը, հայրը եւ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած Արմեն Սարգսյանը:

Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Մերի Պետրոսյանից տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է որդուն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայող Նորայր Մարկոսյանին ազատել հետագա զինվորական ծառայությունից, խարդախությամբ Մերի Պետրոսյանից գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա, կոչումով՝ գեներալ-մայոր, հայտնել, որ 1500 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է կազմակերպել Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը եւ դրական լուծում տալ դրան՝ այդկերպ նրան գցելով մոլորության մեջ, ազդել նրա կամքի վրա եւ ձեռք բերել վերջինիս վստահությունը: Հավատալով Արման Սարգսյանի՝ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելու հանգամանքին՝ Մերի Պետրոսյանը 1500 ԱՄՆ դոլարի դիմաց իր որդու օգտին գործողություններ կատարելու շուրջ համաձայնության է եկել Արման Սարգսյանի հետ:

Այնուհետեւ՝ 2018 թվականի սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, Արման Սարգսյանը կաշառք ստանալու պատրվակով Մերի Պետրոսյանից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 766.035 ՀՀ դրամին համարժեք գումար, սակայն Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել եւ խաբեությամբ ու Մերի Պետրոսյանի վստահությունը չարաշահելով՝ հափշտակել է այդ գումարը:

Բացի այդ, Արման Սարգսյանը, Հովհաննես Ղարիբյանից տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է կազմակերպել որդու՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Մարկոս Ղարիբյանի վիրահատությունը եւ բուժումը, խարդախությամբ Հովհաննես Ղարիբյանից գումար հափշտակելու դիտավորությամբ նրան հայտնել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծանոթներ ունի եւ կարող է նրանց միջոցով գումարի դիմաց կազմակերպել Մարկոս Ղարիբյանի վիրահատությունը եւ բուժումը: Հավատալով Արման Սարգսյանի խոսքերին՝ Հովհաննես Ղարիբյանը 1400 ԱՄՆ դոլարի դիմաց իր որդու՝ Մարկոս Ղարիբյանի օգտին գործողություններ կատարելու շուրջ համաձայնության է եկել Արման Սարգսյանի հետ:

Այնուհետեւ Արման Սարգսյանը կաշառք ստանալու պատրվակով 2018 թվականի սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում Հովհաննես Ղարիբյանից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 679.414 ՀՀ դրամին համարժեք 1400 ԱՄՆ դոլար, սակայն իր ու Հովհաննես Ղարիբյանի պայմանավորվածությունը կատարելու ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ խաբեությամբ եւ Հովհաննես Ղարիբյանի վստահությունը չարաշահելով՝ հափշտակել է այդ գումարը:

Ք. Մ.

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք եւ հանձնել իրեն: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Նշված անձնավորությունը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր՝ հեռախոսային խոսակցությունների միջոցով թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելով հայ-իրանական սահմանի հարեւանությամբ՝ իրանական կողմում բնակվող հանցակցի հետ: 2021 թվականի հունիսի 22-ին, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» եւ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներով փաթեթը, օժանդակող անձնավորությունը պատվիրատու Խ. Թ-ին հանձնելու նպատակով ուղեւորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները:

Մեկ այլ դեպքում ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաեւ այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձեւով պահելով իր մոտ եւ Բարսելոնա-Վարշավա-Երեւան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել եւ վերցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մեղրու զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը ներկայացել է զորամաս եւ կատարում է հրամանատարի իր պարտականությունները: Բանն այն է, որ ծառայողական քննության ժամկետը լրացել էր, եւ Պն-ն որեւէ բան չի գտել հրամանատարի դեմ, անկախ ՊՆ ղեկավար կազմի ցանկություններից՝ հրամանատարը որոշել է «կռիվ տալ» եւ ներկայացել է զորամաս: ՊՆ-ում հրամանատարի քայլից ապշել են, քանի որ կարծել են, թե նա այս ամենից հետո բարոյականություն կունենա եւ աշխատանքից ազատման դիմում կգրի, սակայն հրամանատարը որոշել է չհանձնվել:

 

Ինչեւէ, ՊՆ ղեկավար կազմն այս հանգամանքից խիստ վրդովված է եւ, ըստ էության, քայլերի կգնա հրամանատարին դաս տալու համար, իսկ թե ինչ կանեն, սպասենք զարգացումներին: Հավելենք, որ ՊՆ-ում բոլորը գիտեն, որ հրամանատար Արգամ Գեւորգյանը չի համակրում Նիկոլ Փաշինյանին, եւ նրա գործողությունները դադարեցնելու համար նրան որոշել էին պատժել՝ ծառայողական քննություն նշանակելով, մինչդեռ հրամանատարը զորքին բացատրել էր, որ հայրենիքը վտանգված է, եւ քայլեր անելուց առաջ մտածեն հայրենիքի փրկության մասին: Հիշեցնենք, որ հունիսի 20-ի ընտրություններից ընդառաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարարել էր, թե լինելու է դաժան վենդետա, եւ բոլորը պատասխան են տալու։

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադեւոսյանի եւ N զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Արտակ. Թադեւոսյանի եւ գնդապետ Ա. Գեւորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։

Իսկ ի՞նչ էին արել զորամասի հրամանատարները, որ այս բարդ իրավիճակում՝ թշնամին սահմանին, զորամասի հրամանատարների լիազորություններ են կասեցնում: Գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, զորամասի հրամանատարները փորձել էին երկրում առկա վիճակի մասով իրենց մտահոգություններն արտահայտել եւ զորամասում քաղաքական հայտարարություններ էին արել, թե պետք է հայրենիքը փրկել: Վերջիններս կոնկրետ քաղաքական ուժերի մասին կարծիքներ էին հնչեցրել, ինչն էլ հասել էր ՊՆ ղեկավար կազմին, ինչի արդյունքում էլ դադարեցվել էին զորամասի հրամանատարների լիազորությունները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել, եւ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել:




Լրահոս