ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։

 

Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ), եւ դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին:

Մինչդեռ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ եւ քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը եւ այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Նման մոտեցում չցուցաբերելու հետեւանքով ապօրինի ծառահատում կատարած անձը /անձինք/ հնարավորություն է ստացել խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, ինչը նպաստել է նշված տեղանքում ապօրինի ծառահատումների դեպքերի կրկնությանը:

Նկատի ունենալով, որ վերոնշյալն ակնհայտորեն հետեւանք է ազգային պարկի տարածքն անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող գործողություններից եւ անտառային օրենսդրության խախտումներից պաշտպանելու, բնության դեմ կատարվող հանցագործությունները կանխելու, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ իրավասու պետական օղակների կողմից բավարար միջոցներ եւ գործողություններ չձեռնարկելու, ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու եւ բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի եւ ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրները: Բացի այդ, անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ:

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Տավուշի նախկին մարզպետ (այժմ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը  2018թ.  177-էջանոց գիրք է ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին եւ այլ նշանավոր անձանց գրքեր ձոնած? արմատներով Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից 71-ամյա բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը հայտնեց, որ ինքն ավարտել է  200-էջանոց «10 միլիոն խաչհամբույր» չափածո գիրքը, տպագրվել  է գրքի ազդօրինակը։  Գիրքը շնորհակալություն է  այս տարի  «ցեղասպանություն» եզրույթն արտաբերած ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենին։ Լ. Չիբուխչյանի խոսքերով՝ սկզբում կտպագրվի  գրքի 300 օրինակ։ Հեղինակը մտադիր է գրքի օրինակը հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, որպեսզի հեղինակի  մակագրությամբ գիրքը փոխանցվի նախագահ Ջո Բայդենին։ Լ?Չիբուխչյանի  խոսքերով՝ Բայդենին  նվիրված գիրքը իր  747-րդ ստեղծագործությունն է։

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍԵՂԱՆ

Տավուշի մարզում խոսակցություններ են տարածված, թե Բերդի համայնքի մաս կազմող սահմանամերձ Այգեպար գյուղում, երբ հայտնի հայտնի են դարձել քվեարկության  արդյունքները, գյուղացիները սեղան են բացել, սեղանին  դրել Նիկոլ Փաշինյանի նկարը եւ տոնել Նիկոլ Փաշինյանի հաջողությունը։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանին։ Նա հայտնեց, որ այդ առթիվ գյուղի մի թաղամասի կանայք գումարներ են հանգանակել, սեղան բացել։  Նա ասաց, որ ինքն այդտեղ  չի եղել, այլ մանրամասներ չգիտի։ Յամուկյանն ասաց, որ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն Այգեպարում ստացել է 160, իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած  «Հայաստան» դաշինքը՝ 45 քվե։ Գյուղի վարչական ղեկավարին հարցրի՝ գուցե այգեպարցի կանայք իրենց կատարած  քվեարկությամբ եւ սեղան բացելով  շնորհակալություն  են հայտնել 2020թ. հուլիսի 11-12-ը  Բերդի տարածաշրջանում  տեղի ունեցած կռիվների  ժամանակ հրետակոծված, Այգեպարում վնասված տները վերականգնելու համար պետական աջակցության համար, Ա. Յումուկյանը դա հավանական համարեց։ Նա հայտնեց, որ սկսվել է  հրետակոծությունից վնասված տների վերանորոգման երկրորդ փուլը, այժմ Այգեպարում կատարվում են վնասված առանձնատների ներքին  հարդարման աշխատանքները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻՆ՝ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ը ՀՀ դատախազության աշխատակցի օրն է, իսկ, ահա, 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին:

Իսկ ի՞նչ է սպասվում այս տարի: Դատախազները դեռեւս չգիտեն՝ նշվելու է իրենց տոնը, թե ոչ, սակայն Դատախազությունից ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի մտերիմ մարդիկ պարգեւատրվելու են: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 1-ին ՀՀ դատախազության աշխատակցի օրը ցանկանում են գեներալի կոչում տալ երկու դատախազի: Իսկ ովքե՞ր են նրանք: Մեզ հայտնի դարձավ, որ գեներալի կոչում են ցանկանում տալ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին, որը, ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով դատախազն է: Վերջինս նաեւ համարվում է Արթուր Դավթյանի մտերիմ մարդկանցից մեկը:

Մյուս դատախազը, որին ցանկանում են գեներալի կոչում տալ, գլխավոր դատախազի տեղեկալ Արմեն Աֆանդյանն է: Նշենք, որ 2020 թվականի հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։

Նշենք, որ Աֆանդյանը նախկինում զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. եղել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: Աֆանդյանը, սակայն, հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ։

 

 

116 ՆՈՐ ԴԵՊՔ

Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ը` առողջացած, 4514-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 181 291 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած եւ 4 մահվան դեպք:

 

 




Լրահոս