«ՄԵՐ ԲԱԿԸ՝ 25 ՏԱՐԻ ԱՆՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25 տարի անց կրկին նկարահանման հրապարակում են հայտնվել «Մեր բակը» գեղարվեստական ֆիլմի դերասանները: Նկարահանվում է ֆիլմի 4-րդ մասը:

 

ArmLur.am-ը, եղել է  նկարահանման հրապարակում, զրուցել է դերասանների հետ եւ հատուկ մեր ընթերցողների համար բացահայտել է, թե ինչ է կատարվում էկրանից այն կողմ:

«Հին անձնակազմից մնացել ենք Ես, Հրանտը եւ Լալան, բոլորս էլ մեծացել ենք, ի վերջո 25 տարի է անցել, շատ ենք փոխվել, մեծացել: Հիմա մեզ հետ միասին խաղում են նաեւ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր իրենց երիտասարդությամբ նոր գույնով են լցնում: Ափսոսում եմ, որ մեր դերասաններից, լեգենդներից հիմա շատերը չկան՝ Ազատ Գասպարյանը, Արմեն Խոստիկյանը… Նոր սերունդի հետ աշխատելն էլ վատ չէ, մենք իրենցից ենք սովորում, իրենք մեզանից են սովորում, ես, անկեղծ, շատ հաճույքով եմ խաղում: Աշոտը մնում է Աշոտ, Լալան մնում է Լալա, Հրանտը մնում է Հրանտ, ուղղակի հիմա մենք մի քիչ հարստացել ենք, մի քիչ ուրիշ ձեւի ենք դարձել»,- կատակում է Աշոտ Ղազարյանը եւ շտապում դեպի նկարահանման հրապարակ:

Ապա զրուցեցինք բլոգեր Արուսիկ Տիգրանյանի հետ, որը մարմնավորում է լուսահոգի դերասան Ազատ Գասպարյանի թոռուհու կերպարը. «Տպավորություններս հրաշալի են, սա առաջին գեղարվեստական ֆիլմն է իմ կյանքում, եւ հուսով եմ՝ վերջինը չի լինի: Ամեն ինչ անցնում է շատ լավ, շատ բարձր մակարդակի, այն շատ տարբերվող է իմ բոլոր աշխատանքային փորձերից, աշխատում ենք պրոֆեսիոնալ թիմի հետ, ամեն դետալի վրա աշխատում է առանձին մասնագետ: Շատ ոգեւորված եմ ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ աշխատելու համար, «գժական» ռեժիսորական մոտեցում է ցուցաբերում, եւ ամենակարեւորը՝ նա կարողանում է իմ մեջ արթնացնել այն թաքնված դերասանուհուն, որը մինչ այս այդքան պրոֆեսիոնալ ձեռքերում դեռ չէր հայտնվել: Ուրախ եմ, որգեւորված եւ ցնցված, շնորհակալ եմ նաեւ իմ պապիկից՝ Ազատ Գասպարյանից, ում շնորհիվ եմ հայտնվել այստեղ»:

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանն էլ մեզ հետ զույցում ընդգծում է, որ 25 տարի անց մի ամբողջ կյանք է փոխվել, հին դերասանական անձնակազմից մնացել են ինքը, Աշոտ Ղազարյանը եւ Հրանտ Թոխատյանը:

«Մեզ հետ միասին խաղում են նաեւ շատ հետաքրքիր, շնորհալի երիտասարդներ, եւ հույս ունեմ, որ իրենք նոր շունչ կհաղորդեն ֆիլմին: Շատ մարդիկ ինձ փողոցում կանգնեցնում են եւ հարցնում են, թե երբ են տեսնելու ֆիլմը, ինչն ինձ մեծ երջանկություն է պատճառում, որ «Մեր բակը» 25 տարի անց շարունակում է մնալ այսքան սպասված եւ սիրված հանդիսատեսի կողմից: Դա շատ պարտավորեցնող է. պետք է արդարացնել նրանց սպասելիքները, նույնիսկ շտապեցնում են»,-ասում է նա:

Իսկ, ահա, երիտասարդ դերասաններից Վահե Զիրոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ շատ շնորհակալ է, որ հենց իրեն են ընտրել, եւ հնարավորություն ունի աշխատելու նման պրոֆեսիոնալ դերասանների, թիմի հետ:

«Ես պարզապես համոզված եմ, որ մեր հեռուստադիտողները ունենալու են բարձր մակարդակով նկարահանված ֆիլմ»,- հավելում  է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ՓԱՓԼԻԿԸ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:

 

Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ երկու ամիս առաջ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն ներկայացում» եւ մի քանի այլ անվանակարգում  «Փափլիկը» բեմադրությունը միության կողմից առաջարկվել է Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին եւ անմիջապես ընդգրկվել է ծրագրում։

«Աննախադեպ հաջողությամբ ավարտվեցին ներկայացման երկօրյա ցուցադրությունները։ Փառատոնի տնօրեն Վալերի Շադրինը ներկայացումն ընդգրկեց այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք փառատոնի խաղաղօվկիանոսյան ծրագրում: Ուրախ ենք թատրոնի համար, շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ մաղթում նոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

«Փափլիկը» պատմում է սուտ եւ իրական ազգասիրության, կեղծ եւ անկեղծ բարոյականության, դավաճանության մասին: Համազգային թատրոնի դերասաններն այդ ամենը մատուցում են նուրբ ու սուր հումորով, յուրօրինակ մեկնաբանությամբ, ժամանակակից լուծումներով եւ դերասանական գունեղ խաղով:

Բեմադրիչը Նարինե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Վարշամ Գեւորգյանը, Տաթեւ Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը եւ Ստեփան Ղամբարյանը:

Ռեժիսորը Յուրի Կոստանյանն է, բեմի ձեւավորումը եւ զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի, երաժշտական ձեւավորումը` Նարեկ Բաղդասարյանի:

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում շվեյցարացիներից կրած պարտությունը: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվողն էր թույլ տվել միակ վրիպումը, որի պատճառով ֆրանսիացիները լքեցին պայքարը: «Շատ բարդ է թերթել այս էջը: Հսկայական տխրություն՝ այս անհաջողությունից հետո, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին: Ներողություն եմ խնդրում այդ 11-մետրանոցի համար: Ցանկանում էի օգնել թիմին, բայց չստացվեց: Գիտեմ, որ մեր երկրպագուները հիասթափված են, սակայն ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել աջակցության ու այն բանի համար, որ միշտ հավատացել են մեզ: Ամենագլխավորն ավելի ուժեղ վերադառնալն է»,- գրել է Մբապեն: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում Կիլիան Մբապեին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Նա մասնակցեց 4 հանդիպման՝ մեկնարկային կազմում խաղալով առանց փոխարինման: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11-մետրանոցներով: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով: Քառորդ եզրափակչում Շվեյցարիայի հավաքականը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ:

 




Լրահոս