ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը կանգ է առել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործով նշանակել են հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Պարզաբանման համար փորձագետներին առաջադրել հետեւյալ հարցերը՝

 

  1. ներկայումս ի՞նչ հիվանդություններով է տառապում Գագիկ Խաչատրյանը,
  2. փորձաքննության արդյունքում հաստատված ախտորոշման պայմաններում ի՞նչ բժշկական միջոցառումներ են անհրաժեշտ, արդյոք հնարավո՞ր է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում ապահովել Գ. Խաչատրյանի պատշաճ բժշկական սպասարկումը,
  3. առկա՞ է արդյոք Գ. Խաչատրյանին վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն, թե՞ ոչ,
  4. վիրահատությունը ցուցված լինելու պայմաններում արդյոք հնարավո՞ր է կազմակերպել ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններում,
  5. ներկա առողջական վիճակով Գ. Խաչատրյանը հենաշարժողական խնդիրների առկայության պայմաններում կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, եւ անհրաժե՞շտ են լրացուցիչ հարմարություններ, թե՞ ոչ. եթե այո, ապա ինչպիսի՞:
  6. Գ. Խաչատրյանի առողջական վիճակը 2019 թվականի մարտից մինչ օրս, այդ թվում՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ. եթե այո, ապա ինչպիսի՞:
  7. Գ. Խաչատրյանի ողնաշարի ստենոզի շտկման նպատակով կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքում որպես առավել անվտանգ միջոց արդյոք այն չպե՞տք է իրականացվի այն բժշկի կողմից, որն իրականացրել է սկզբնական վիրահատությունը եւ տեղադրել է իմպլանտը:

Եթե փորձաքննության ընթացքում առաջանան այնպիսի հարցեր, որոնք առաջադրված չեն որոշմամբ, խնդրվում է պատասխանել նաեւ այդ հարցերին:

Փորձագիտական հանձնաժողովում ընդգրկել են նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մորիսի Մանվելյանին: Փորձաքննությանը ներկայացրել են ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանին, ինչպես նաեւ տրամադրել սույն որոշումը եւ քրեական գործում առկա բժշկական փաստաթղթերի պատճենները: Փորձաքննության կատարմանը թույլատրել են ներկա գտնվել նաեւ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններին: Փորձագետներին նախազգուշացրել են ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված` եզրակացություն տալուց հրաժարվելու, խուսափելու, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

Հավելենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ եղբորորդին չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Ք.Մ.

 

 

 

3 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ. ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ. ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.-ին՝ 26 որոշում: Ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական եւ համայնքային կազմակերպություններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել շուրջ 2000 պատասխան: Ապօրինի ծագում ունեցող գույքի, իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաեւ ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով օրենքով սահմանված շրջանակներում տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 91 հանձնարարական, ստացվել՝ 61 պատասխան:

Թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի եւ անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին:

Բանկային, ապահովագրական կամ առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է Վերաքննիչ բողոք:

Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ  փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:

Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ եւ 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաեւ 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար:

Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել եւ հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու եւ ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

 

 

 

ՔՐԳՈՐԾԸ՝ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

Մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հայտնաբերվել եւ ձերբակալվել է «օրենքով գող»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ: ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ով է արդեն կալանավորված «օրենքով գողը»:

Վերջինս «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանն է՝ բոլորին հայտնի Ժիրայր Շահումյանսկին, որին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Սակայն մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պայքարում է «օրենքով գողերի» դեմ, եւ նախաքննական մարմիններն էլ ակտիվ կերպով կալանավորում են «օրենքով գողերին», դատարանը նրանց ազատ է արձակում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանին ազատ է արձակել: Հիմա էլ «օրենքով գողի» քրեական գործով նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Մասնավապես, իրավապահները ցանկանում են «օրենքով գողի» քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել, սակայն նրա կալանավորման մասով իրավապահները սպասում են Վճռաբեկ դատարանի որոշմանը, ինչն արդեն շուրջ մեկ ամիս է՝ ուշանում է, ու իրավապահները չգիտեն՝ ինչ անել, ասել է թե՝ քննիչները ցանկանում են գործը ուղարկել դատարան, դատախազներն էլ ընդդիմանում են, մինչեւ դատարանը որոշում կայացնի կալանավորման մասով: Իսկ ի՞նչ էր արել «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանը: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ժիրայր Շահումյանսկին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակություն»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Ա.-ին հանձնարարել է ծեծի ենթարկելու միջոցով պատժել Արմավիրի բերդում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետեւ իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ «զոն նայողին» փոխարինելու գործընթաց։ Այդ նպատակով նա հանձնարարել է Կ.Հ. մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Այդ հանձնարարության կատարմանը Կ.Հ. մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող Պ. մականվամբ անձի թեկնածությունը, որը ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայողի» գործառույթները եւ 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի եւ այլնի տեսքով դրսից բերված «գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված եւ դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

 

 




Լրահոս