ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ի «հարվածը» ՀՀ իշխանություններին. ինչ ստացավ Փաշինյանը դիմումից երկու ամիս անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը երեք ուղղությունով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, սակայն ՀԱՊԿ-ը, որին Հայաստանը դիմել է ներխուժումից օրեր անց, գնահատական տվեց միայն այսօր: Մասնավորապես այսօր կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

Ստանիսլավ Զահի գնահատմամբ` հակամարտության սրացում չկա:  Նա նաև տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:

Եվ չնայած ՀԱՊԿ-ից նման գնահատական է տրվում, սակայն նկատենք, որ արդեն գրեթե երկու ամիս Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցած ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը որպես իրավիճակի լուծում առաջարկել էր զորքերը երկու կողմերից էլ՝ հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Այս մասով դեռ որոշում չկա, սակայն Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը վերջերս հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս