ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած երեկվանից 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի Հայաստանում կարող է պատվաստվել ռուսական «Սպուտնիկ-Վի»-ով, եւ Առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել պատվաստումների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը քիչ է: Մինչեւ այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը: Սակայն նկատենք, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված:

 

Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել են, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Ի վերջո, այդ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են. այդ թիվն էլ է ներկայացվում 80 հազար մարդկանց մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Սակայն վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Սակայն նկատենք՝ ստացվում է՝ օտարերկրացիներն այստեղ անվճար պատվաստումները ստանում են ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել:

«Սպուտնիկ-Վի»-ն նախկինում հասանելի էր միայն 18-ից բարձր տարիքային խմբում գտնվող քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ COVID-19-ի դեմ Հայաստանում առկա բոլոր 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա»-ն, Սպուտնիկ-Վի»-ն, «Կորոնավակ»-ն արդեն հասանելի են բոլոր ցանկացողների համար։

«Ինչո՞ւ ենք այսպես էտապ-էտապ բացում, որովհետեւ պետք է ունենանք հստակ պլանավորումը պատվաստանյութերի ներմուծման եւ դրանց ժամանակային խզումներ չունենք: Քանի որ վերջերս ստացել ենք բավական մեծ խմբաքանակ Sputnik V-ի, եւ մեր ակնկալիքները եւս այդպիսին են, մենք այլեւս հանեցինք այդ սահմանափակումը», – ներկայացրեց Ավանեսյանը:

Չնայած պատվաստումների փոքր թվին՝ քովիդի նոր դեպքերը եւս շատ չեն վերջին շրջանում։ Ու հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Եվրոպական խորհուրդը որոշեց չեղարկել Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Եվրամիություն։ «Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Այսինքն՝ եթե վարակվածության թվերն աճեն, ապա Հայաստանը դուրս կմնա այդ ցանկից, ինչպես Վրաստանն անցած տարի, որը առաջիններից մեկն էր ներառվել «կանաչ» երկրների ցանկում, սակայն ամիսներ անց` համաճարակի երկրորդ ալիքից հետո, դուրս մնաց։

Եվրոպական խորհրդի այս որոշումը դեռ չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները չպետք է հետեւեն հակահամաճարակային ընդհանուր պահանջներին` պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը կամ ԵՄ տարածքում գրանցված որեւէ վակցինայով պատվաստված լինելու հավաստագիրը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այժմ Քովիդի դրական նմուշները մոլեկուլյար շարունակական հետազոտությունների են ենթարկում, որպեսզի պարզեն՝ արդյոք դրանց գեների դասավորությունը համապատասխանում է մուտացվող որեւէ տեսակի։ Եթե պարզվի, որ այդպես է, կհայտարարվի Հայաստանում առկա մուտացված որեւէ տեսակի մասին։ Ավանեսյանը չբացառեց Քովիդի նոր շտամի շրջանառության հավանականությունը Հայաստանում. «Հասկանում ենք, որ եւ՛ Ռուսաստանի Դաշնությունում, եւ՛ Վրաստանում այն առկա է, այլեւս դրանից խուսափելը մեզ հավանական չի թվում»:

Փակ տարածքներում պետք է պահպանվի դիմակ դնելու պարտադիր պահանջը, կարծում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ասում, որ դա պետք է սկսեն հենց իրենցից: «Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք հիմա խորհրդակցություն անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի ենք, եւ երեւի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով այդ կանոնները պահպանենք», – ընդգծեց Փաշինյանը:

Վերջին օրվա տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 126-ով, բուժվածներինը՝ 104-ով, գրանցվել է մահվան եւս 3 դեպք։

Ն.Հ.

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ արդեն հայրենի իշխանությունները որոշում են կայացրել, որ ԱԺ նախագահը լինելու է Ալեն Սիմոնյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ կդառնա Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, բայց վերջինս պահանջ ունի՝ ՀՀ կառավարության աշխատակազմը չպետք է ղեկավարի Արսեն Թորոսյանը, այն տալու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին: ՀՀ ներկայիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու հարցը դեռեւս հաստատված չէ. եթե անգամ մերժում լինի, ապա Գրիգորյանը եւս կշարունակի պաշտոնավարել իր նույն պաշտոնում: Գործարար Խաչատուր Սուքիասյանն, ըստ լավատեղյակ աղբյուրների, չի ցանկանում խորհրդարան գնալ: Սուքիասյանը եւս մեծ ցանկություն ունի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնել:

Armlur.am-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել Սուքիասյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի արձագանքում, իսկ Սուքիասյանի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը խոստացավ առաջիկայում տեղեկությունը ճշտել ու փոխանցել մեզ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կվերանշանակվի իր պաշտոնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կնշանակվի Նարեկ Մկրտչյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ուղարկվել էր գործադիր մարմին՝ փոխնախարարի կարգավիճակում: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Արսեն Թորոսյանը նպատակ ուներ գործուղել խորհրդարան, բայց, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը հակված է նրան նորից նախարարի պաշտոնում վերանշանակել: Հստակ է նաեւ մի բան, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար է նշանակվելու Վահրամ Դումանյանը:

 

 

14-20 ՏԱՐԻ

Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը. գրում է haqqin.az-ը` մանրամասնելով, որ խոսքը Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլյանի, Հրայր Սերժի Թադեւոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վահագ Էդիկի Բեհրեքյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի, Արման Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանի, Վելս Կարապետի Անբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի, Ֆելիքս Արշակի Գրիգորյանի մասին է: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ կայացած նիստում պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Դրանից հետո դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Ադրբեջանը նրանց մեղադրում է «ահաբեկչության եւ դիվերսիայի» (չակերտները-խմբ.) համար: Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, նրանց սպառնում է 14-20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

 

 

 

ՉԵՆ ՕԳՏՎԻ

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլեւս չի օգտվելու. այս մասին ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Ըստ նրա՝ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ «Իհարկե, առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են այս պահին երաշխավորում անվտանգությունը, եւ խոշոր առումով ապահովված է անտանգությունը։ Իհարկե, փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոշ մասով արձագանքներ եղել են կամ գործողություններ։ Կանխարգելիչ աշխատանքներ մեր Զինված ուժերն էլ, բնականաբար, կատարում են, որոնց մասին շատերն ուղղակի տեղյակ չեն, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին։ Այո՛, որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս, բայց պետք է նշեմ, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմն այլեւս ընդհանրապես չի օգտվելու», – ասել է նա:

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության ալիք են բարձրացնում, եւ դա շատ տեղին է: Այս մասին ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ նմուշներ եւս սեկվենավորվում են՝ վիրուսների շտամները պարզելու համար: Եւ եթե երկրում նոր շտամներից որեւէ մեկը հայտնաբերվի, դրա մասին հանրությանը կտեղեկացնեն: Սակայն նոր շտամների ի հայտ գալը, դրանց արագ տարածումը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, հուշում է, որ դեռ վաղ է հրաժարվել դիմակներ կրելուց. «Փակ տարածքներում դիմակի կրումը կմնա պարտադիր»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ինքն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը, սակայն շարունակում է դիմակ կրել:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Քրիստինե Խանազադյանը՝ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ:




Լրահոս