ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

Հրաչուհի Կիրակոսյան (39 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ խորհուրդ ունի Վարդավառի տոնը:

Կարինե Հարությունյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս եւ Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջեւ Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի եւ հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում: Մինչ նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի որդին, որին հավանեցի, դրան լսեցե՛ք»:

Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երեւման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Հայ առաքելական եկեղեցու արարատյան թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի Վարդավառ անունը բացատրում է՝ Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչեւ այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը եւ պայծառակերպվելով` հայտնեց իր աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ եւ կատարվում է հոգեհանգիստ:

 

 

 




Լրահոս