
Հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային:
Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի հետևանքով գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից:
Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է հանրապետության իրավապահ մարմիններին: Ավտոմեքենաների վարորդների մեղքով երկաթուղում վթարների թվի աճի հետ կապված՝ Հարավկովկասյան երկաթուղին ավտովարորդներին կոչ է անում իրենց առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար զգոն լինել երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
«Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում»,- ասված է ՀԿԵ հաղորդագրության մեջ: