ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

 

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Ա. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա.Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020թ.-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, եւ այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021 թվականի  միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար։

Հիշեցնենք, որ նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ԱԱԾ տեղեկատվական անվտանգության եւ կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչներ Գ.Ա-ն եւ Մ.Բ-ն ֆեյսբուքյան օգտատերերից խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ միավորել են իրենց ջանքերը, ձեւավորել կազմակերպված կայուն խումբ, մշակել են հանցավոր սխեմա՝ նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր անձանցից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայությունը:

Հիշյալ անձինք 2021 թվականի մարտից մինչեւ հուլիսն ընկած ժամանակահատվածում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր, որոնց կեղծ լինելու հանգամանքը քողարկել են վերջիններիս էջերից ներբեռնված լուսանկարներով եւ այլ անհատական տվյալներով՝ այդկերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով չբացահայտվելու եւ հանցագործության կատարումը հեշտացնելու համար: Այնուհետեւ հիշյալ կեղծ էջերի միջոցով շուրջ 40 օգտատերերից գումարներ հափշտակելու դիտավորությամբ «Մեսենջեր» հավելվածով նամակագրություն են վարել վերոնշյալ օգտատերերի հետ եւ որպես պատրվակ օգտագործելով զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գումարներ փոխանցելու՝ նրանց մոտ առկա ցանկությունը՝ կարողացել են ազդել վերջիններիս կամքի ու գիտակցության վրա, ինչի արդյունքում կազմակերպված խմբի անդամները խարդախությամբ տարբեր անձանցից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4.000.000 ՀՀ դրամ. գումարները «Թելսել» վճարային տերմինալի միջոցով փոխանցվել են կազմակերպված խմբի անդամների մատնանշած եւ նրանց կողմից փաստացի տնօրինվող «Քիվի» վճարային համակարգի տարբեր էլեկտրոնային դրամապանակներին, ապա կանխիկացվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կազմակերպված խմբի անդամները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար, իսկ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Կառավարության նախաձեռնությամբ հուիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը երեկ գրել էր, որ արտահերթ նիստ է սպասվում: Ի դեպ, նաեւ գրել էինք, որ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար: Օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր:

 

 

ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Բաքվում ՌԴ դեսպանատունը պատասխանել է haqqin.az լրատվականի հարցմանն՝ առ այն, թե ինչու է դեսպան Միխայիլ Բոչարնիկովը մերժել Ադրբեջանի կառավարության` հուլիսի իննին երկրում հավատարմագրված այլ դեսպանների հետ Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք մեկնելու հրավերը: Հարցմանն առ այն, թե «ինչու է եռակողմ համաձայնագրի իրագործման երաշխավոր Ռուսաստանն անտեսել Շուշի այցելելու հրավերը», տրվել է դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարեւայի հակիրճ պատասխանը. «Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը եւ ուղեւորությունները»: Հիշեցնենք, որ հուլիսի իննին Բաքվում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչ երկրի կառավարության հրավերով մեկնել է Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք: Հրավերից հրաժարվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանները:

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՋԱԽ

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարությունում ասվում է. «Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետեւանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը: Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:

 

 




Լրահոս