ՇՈՒՏՈՎ  ՆՈՐ ՍԻԹՔՈՄ՝ «Sweet home»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Աղաս Մանուկյանին, Զառա Սահակյանին, Լյուսի Հայրապետյանին, Մակար Գալստյանին եւ Հայկ Սերոբյանին մենք կտեսնենք նոր հումորային «Sweet home» սիթքոմում եւ զվարճալի իրավիճակներում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը դերասան Մակար Գալստյանի հետ խոսել է սիթքոմում իր դերի եւ  նկարահանման մասին:

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանից: Հանդիպեցինք, զրուցեցինք, եւ ինձ շատ դուր եկավ սիթքոմի սցենարը, եւ քանի որ այն ինձ իսկապես շատ հոգեհարազատ թվաց, որոշեցի, որ պետք է անպայման ես նույնպես նկարահանվեմ այդ սիթքոմում»,- նշում է դերասանը:

Մակար Գալստյանի փոխանցմամբ՝ սիթքոմի սյուժեն ինքնին շատ հետաքրքիր է գրված, մշակված. եւ հանդիսատեսին չձանձրացնելու, չհոգնեցնելու համար մշակված են հետաքրքիր լուծումներ, ինչն այսօր չես կարող ասել մնացած հումորային  սիթքոմների մասին. «Կարծում եմ, որ հեռուստադիտողին այն նույնպես շատ դուր կգա, եւ հիմնական գնահատականը կտան նրանք արդեն դիտելուց հետո»:

Խոսլով իր կերպարի մասին՝ դերասանը նշում է, որ կերպարը շատ հետաքրքիր եւ հումորային է:

«Մարմնավորելու եմ մի պապիկի, ով ուզում է լինել շատ ժամանակակից, օգտվել այն ամեն ինչից, ինչ նախընտրում են երիտասարդները: Նա ընկերություն է անում ոչ թե իր հասակակից մարդկանց հետ, այլ  ընկերություն է անում իր թոռան հետ, եւ քանի որ թոռից մեծ բան է կախված, որովհետեւ տան տիրուհին՝ մայրը, երեխային ավելի շատ էր հավատում եւ լսում, թե ինչ են պատմում ամուսնու հոր մասին, դե պապիկին էլ պետք էր թոռան հետ ունենալ լավ հարաբերություններ, որպեսզի պապիկի արածները մայրիկը չիմանա: Պապիկը փորձում է թոռան հետ համահունչ քայլել, նկարահանել «տիկտոկներ», «բոցեր» անել, մի խոսքով, շատ հետաքրքիր է: Տան գումար աշխատողը, ֆինանսավորողը կինն է, դե, բնականաբար, այդ դեպքում տղամարդիկ դառնում են ենթարկվող, որպեսզի աղջիկը հոգեբուժարան եւ ծերանոց չտանի»,- պատմում է Մակարը:

Դերասանի խոսքով՝ նկարահանումներն անցնում են շատ ջերմ ու ուրախ մթնոլորտում հետաքրքիր թիմի հետ միասին: Նկարահանումների մեծ մասն իրականացվել է քաղաքից դուրս:

Հեռուստադիտողն այն կարող է դիտել հուլիսի 15-ից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima՚t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմեր» բաժնում:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ փառատոնը կկայանա 2021 թվականի հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:

Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ եւ սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխեսի կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantastic Selection» պաշտոնական մրցույթում ` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» եւ «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:

Ֆիլմն ընդգրկվել է նաեւ իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, տեսախաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների եւ ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ:

«Կաֆկայի երազը» ֆիլմի համակարգչային գրաֆիկան եւ անիմացիան «Վարդազարյան-ստուդիոյինն» է, գլխավոր պրոդյուսերն է Արմինե Հարությունյանը, գործադիր պրոդյուսերը եւ ֆիլմի սուպերվայզերը` Արամ Վարդազարյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը` Անդրանիկ Բերբերյանը:

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը առողջական խնդիրների պատճառով որոշել է չմասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ «Ցավոք, այս մրցաշրջանում ունեի ծնկիս հետ կապված խնդիրներ եւ համակերպվել եմ մտքի հետ, որ չեմ մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Ես անհավանական հիասթափված եմ։  Խաղերում Շվեյցարիան ներկայացնելը միշտ եղել է պատիվ եւ իմ կարիերայի կարեւոր մի մաս։ Ես արդեն սկսել եմ վերականգնողական փուլը եւ հույս ունեմ վերադառնալ ամռան վերջում։ Շվեյցարիայի թիմին մաղթում եմ հաջողություն։ Հեռվից կերկրպագեմ մեր թիմին»,- Թվիթերում գրել է Ֆեդերերը։

Հիշեցնենք, որ իսպանացի Ռաֆայել Նադալը եւս առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է մեկնել Տոկիո։ Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Տոկիո-2020-ին։ Կորոնավիրուսի հետեւանքով մեկ տարով հետաձգված Օլիմպիական խաղերը Տոկիոյում առանց հանդիսականների կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

 

 

ՇԱՆԹԸ ՀԱՂԹԵՑ

Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթահարեց 1/128 փուլի արգելքը: 2 դասական պարտիայում էլ Շանթը հաղթեց Վենեսուելան ներկայացնող Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին։ 1/64 եզրափակչում Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։ Պարտություններ կրեցին Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար ալժիրցի Բիլել Բելահսենեից ու զամբիացի Չիտումբո Մվալիից: Քանի որ առաջին պարտիայում մեր շախմատիստները հաղթել էին, այսօր 1/64 եզրափակչի ուղեգրերը կվիճարկվի արագ շախմատում: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն 1/64 եզրափաչից:

 

ՌԱՄՈՍԸ ՊԱՏՄԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող եւ ավագ Սերխիո Ռամոսը պատմել է, թե ինչն է որոշիչ եղել ՊՍԺ-ի օգտին ընտրություն կատարելուց։ «Արդեն վեց կամ յոթ տարի մտերիմ եմ Նեյմարի հետ։ Թեեւ ես ներկայացնում էի «Ռեալը», իսկ ընքը՝ «Բարսելոնան», բայց մենք միշտ ունեցել ենք ընկերական հարաբարերություններ։ Ես ընկերություն եմ անում նաեւ Դի Մարիայի եւ Նավասի հետ։ Նրանց հետ միասին խաղացել ենք «Ռեալում»»։

 

 




Լրահոս