ՏԵՍԱՆՅՈւԹ. «Պողպատե մանդատ» երրորդ խոշոր հարկատուի նկատմամբ. որքան հեռու կգնան իշխանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի՝ նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր: Այս նախագիծն այդքան հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե չլինեին Սյունիքի համայնքապետերի նկատմամբ արտահերթ ընտրություններից հետո սկսված քաղաքական հետապնդումները:

Բանն այն է, որ այս նախագծով կառավարությունը ըստ էության խաղի նոր կանոններ է սահմանում հանքարդյունաբերության ոլորտում եւ սա այն դեպքում, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (ԶՊՄԿ) Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եւ հանդիսանում է ռուսական կապիտալով ընկերություն:

Բանն այն է, որ 2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ եւ դիվանագետ է։ Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաեւ Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին:

Եվ հետաքրքիր է, որ Կառավարությունը ընդամենը հուլիսի 12-ին էր հավանություն տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ կառավարության, պայմանավորված է hանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Այսպիսով, առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։

Ինչպես հայտնի է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ է հանդիսանում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը եւ այս փոփոխությունը կառավարությունը հաստատեց հենց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Հիշեցնենք , որ հետընտրական Հայաստանում իշխանությունների թիրախում են հայտնվել նաև Սյունիքի համայնքապետերը. քրեական հետապնդման են ենթարկվել և ազատազրկվել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ գործընթաց է մեկնարկել նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն. Հ.




Լրահոս