ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Փաշինյանը մտածում է՝ ռուս սահմանապահները պետք է կռվեն իր փոխարեն, ապա սխալվում է. Կոլերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր.

«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո ինչ սպասել առաջիկայում եւ ինչ դիրքրոոշում ունի այս հարցով ՌԴ-ն, փորձել ենք պարզել ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովից:

-Պարո՛ն Կոլերով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից նոր սադրանք հրահրելու ցանկության մասին: Որքանո՞վ եք դա այս փուլում հավանական համարում:

-Առաջին հերթին այո՛, Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմի: Այո, այդ նոր պատերազմում Ադրբեջանն ունի բոլոր շանսերը հաղթելու: Եվ դա այն բանի հետեւանքն է, որ  Հայաստանը չի ցանկանում ինքն իրեն պաշտպանել, այլ արդեն իր սահմաններին հույսը դնում է ռուսական կամ մեկ այլ ազգի խաղաղապահների վրա: Դա նշանակում է, որ փուլային կերպով Ադրբեջանը կարող է մաս-առ մաս Հայաստանից նոր տարածքներ վերցնել եւ դա այնքան ժամանակ, քանի դեռ սահմանը մնում է չպաշտպանված: Եվ երկրորդ, սահմանազատման, սահմանագծման աշխատանքներն իրենից երկարատև աշխատանքներ են ենթադրում եւ այդ տարածքում սահմանապահների տեղակայման հետ կապված հարցերը եւս կարճատեւ լուծման ենթակա չեն: Մինչ դա չկա, Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր նոր հնարավորությունները: Այդ ամբողջ գործընթացները սահմանագծման, կրկին ասում եմ՝ երկարատեւ են եւ կարող են տեւել մի քանի տարի եւ նվազագույնը այդ մի քանի տարում կարող են նոր զարգացումներ լինել:

-Այսինքն, Դուք սխա՞լ եք համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած առաջարկը՝ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասով:

-Այո, ես սխալ եմ համարում, քանի որ սահմանը նա ինքը պետք է պաշտպանի: Դա առաջին հերթին եւ, եթե  նա մտածում է, որ ռուս սահմանապահները պետք է կռվեն իր փոխարեն, ապա նա չարաչար սխալվում է:  Հարցն այն է, որ ռուս սահմանապահները որպեսզի տեղակայվեն սահմանին, ապա առաջին հերթին ընդգծենք, որ այդ սահմանը պետք է որոշված լինի: Այն այժմ որոշված չէ, իսկ եթե որոշված է, ինչու այն անձամբ Հայաստանը չի պաշտպանում, ահա եւ վերջ:

-Դուք ասացիք՝ Ադրբեջանը ունի նկրտումներ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Պետք է պաշտպանել սեփական երկրի սահմանները եւ հույսը չդնել ուրիշների վրա: Ֆորմալ կերպով կարծես թե Հայաստանը սահմանների պաշտպանության ողջ պատասխանատվությունը դնում է ռուս սահմանապահների վրա, ինչը սխալ է եւ ընդգծեմ՝ ռուս սահմանապահները հայերի փոխարեն ոչինչ չեն կարող անել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս