ՀԱՐՑ. Մեքենայի առքուվաճառքի պայմանագիրն ի՞նչ արժե: Եւ ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել, դրա համար ո՞ւր պիտի դիմեմ: Անահիտ Պողոսյան, 30 տարեկան, կենսաբանՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժանմունք, այնտեղ կան հատուկ տեղադրված արկղեր, որտեղ էլ այդ ձեւաթղթերը դրված են: Եթե դրանք արկղերում չեն լինում, կարող է բաժանմունքի պետից խնդրել պայմանագրերի ձեւաթուղթը եւ լրացնել: Պետք է չորս օրինակից լրացնի, որից երկու օրինակը մնում է հաշվառման քննական բաժանմունքում, 1 օրինակը մնում է վաճառողին, եւ մեկ օրինակը` գնորդին: Եթե քաղաքացին ցանկանում է, կարող է դիմել մեր կազմակերպություն, եւ մենք իրեն այդ ձեւաթուղթը կտրամադրենք: Առքուվաճառքի պայմանագիրն անվճար է, եթե ինքն է կազմում, լրացնում: Իսկ եթե իր փոխարեն մեկ ուրիշը լրացնի, այդ դեպքում հնարավոր է գումար պահանջի: Եթե քաղաքացին մեր կազմակերպության անդամ է, մենք պարտադիր օգնում ենք նրան լրացնել այդ ձեւաթուղթը: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտովարորդների ընկերության ղեկավարը մեր ընթերցողի հարցին պատասխանում է` գործող կարգը ներկայացնելով: Իրականում, սակայն, անվճար չէ ո՛չ ձեւաթուղթը, ո՛չ էլ այն լրացնելը: Մեքենայի առքուվաճառքի ժամանակ, որպես կանոն, հայտնվում են ինչ-որ «պատրաստակամ» մարդիկ, որոնք մի քանի հազար դրամի դիմաց ե՛ւ ձեւաթուղթն են հայթայթում, ե՛ւ այն լրացնում` չմոռանալով նշել, որ այդ գործը պարտադիր իրենք պետք է անեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ